Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ մենք տեղում չենք դոփում
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը օրերս տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ ռուսաստանյան հաքերները լրտեսել են ՀՀ բանակը: Ըստ նրա՝ FireEye կազմակերպությունը կատարել է ուսումնասիրություն, որի համաձայն՝ APT28 հաքերային խումբը հարձակումներ է կատարել Հայաստանի պաշտպանության բանակի (ՊՆ) աշխատակիցների վրա՝ ստեղծելով ՊՆ-ի կայքի լոգին լինելու էջի կեղծ տարբերակը: Նա նաեւ հավելել էր, որ FireEye կազմակերպությունը վստահ է, որ, ամենայն հավանականությամբ, հաքերային խումբը ղեկավարվել է Ռուսաստանից՝ Կրեմլից:
Մեդիափորձագետի կարծիքով՝ վերոնշյալ կազմակերպության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պատրաստված զեկույցից էլ կարելի է ենթադրել, որ հաքերային հարձակումները եղել են մինչեւ 2009 թվականը, այսինքն՝ ճիշտ այն ժամանակ, երբ պետական կայքերը եւ ցանցերը սկսել են ամբողջությամբ վերահսկվել անվտանգության կողմից։
Սամվել Մարտիրոսյանը մանրամասնելով տեղի ունեցածը՝ փաստում է հետեւյալը. «Գրանցվել է rnil.am (հղումով մի մտեք, կայքը ենթադրաբար նաեւ վիրուս է պարունակում), որը վիզուալ mil.am-ին է նման։ Սա արվել է զինվորականներին խաբելու համար։ Պարզ չէ, թե երբ է արվել։ Իսկ այս պահին rnil.am-ը վերջին անգամ գրանցվել է այս տարվա մայիսի 15-ին։ Հիմա այստեղ տեղադրված է կեղծ Yahoo լոգին էջ։ Չի բացառվում, որ առաջ ուրիշ բան է եղել, հիմա փոխարինվել է։ Կասկածելի գրանցում է, եւ ակնհայտ է, որ կայքը օգտագործվում է ոչ նորմալ բաների համար։ Գրանցվողն էլ՝ ակնհայտ կեղծ տվյալներ է տրամադրել»։
Կարդացեք նաև
«Առավոտն» այս առնչությամբ զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, հարցնելով՝ այդ հարձակումից որեւէ վնաս կրե՞լ ենք, թե՞ ոչ, եւ ինչո՞ւ է հարձակումը եղել հենց ռուսաստանյան հաքերների կողմից:
«Մենք չենք կարող ասել, թե դրանք որտեղից են, հաքերների դեպքում իրենց իրական պատկանելությունը շատ դժվար է հասկանալ, բայց մեր էջերի ու կայքերի վրա հարձակման փորձեր մշտապես կան, սա տեղեկատվական հակապայքար է ու հակառակորդն էլ միշտ ագրեսիվ է: Մենք էլ տեղում չենք դոփում, հակապայքարը ենթադրում է ոչ միայն պաշտպանություն»,- պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը:
Մյուս հարցին էլ՝ այս անգամվա հարձակումից կոնկրետ ի՞նչ վնաս ենք կրել, Արծրուն Հովհաննիսյանը միայն ասաց. «Մենք շատ չենք տուժել, ասեմ ավելին՝ իրենք ավելի են տուժել»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.10.2014