«Լիտերատուրնայա գազետայի» գլխավոր խմբագիրը պարբերականում
մի ամբողջ հավելված է տրամադրում հայկական մշակույթին
Պուշկինի հիմնադրած, հետագայում՝ Գորկու վերականգնած 187-ամյա մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» գրական, մշակութային, հասարակական շաբաթաթերթը ընթացիկ տարեսկզբից թողարկել է Հայաստանին նվիրված «Երկիր Նաիրի» հավելվածի 3 համար: Վերջինիս պատասխանատուն է արձակագիր, թարգմանիչ, լրագրող Լիա Իվանյանը, որը օրերս հյուրընկալվել էր «Առավոտում»:
Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին աշխատում է «Երկիր Նաիրիի» տարեվերջյան՝ 4-րդ համարի վրա: Հավելեց նաեւ, որ դա իրականություն է դարձել «Լիտերատուրնայա գազետայի» գլխավոր խմբագիր, գրող Յուրի Պոլյակովի եւ իր ավելի քան 6 տարվա համագործակցության արդյունքում, որին նախորդել էին Պոլյակովի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները:
Լիա Իվանյանը հավաստիացրեց, որ հայաստանյան հավելվածում տեղ գտած խորագրերը, այդ թվում՝ մշակութային, ռուս ընթերցողի կողմից ընդունվում են մեծ հետաքրքրությամբ, այդ թվում՝ «Լինել եւ մնալ հայ», «Քաղաքի դեմքերը», «Ժամանակակից գրականություն» եւ այլն:
Համառոտ էքսկուրս կատարելով «Լիտերատուրնայա գազետայով», տիկին Իվանյանը հատկապես նշեց վերջին շրջանում շաբաթաթերթի աշխարհագրությունը. «2007-10թթ. պարբերականն ունեցել է «Եվրասիական մուսա» հավելվածը, որտեղ էջեր էին տրամադրվում ԱՊՀ եւ նախկին սոցճամբարի երկրների գրականությանն ու արվեստին: Վերջիններիս կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով հավելվածն այլեւս տեղ չգտավ «Լիտերատուրնայա գազետայում»: Որոշ երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Հունգարիան, Բուլղարիան, շարունակեցին սեփական միջոցներով պահպանել իրենց էջերը: Իմիջիայլոց, Պոլյակովը վաղուց էր առաջարկում Հայաստանին՝ ունենալ սեփական հավելվածը»: Հետաքրքրությանը՝ ո՞ւմ կամ ինչի՞ շնորհիվ մեր երկիրն իր «մշտականն» ունեցավ շաբաթաթերթում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մոսկվաբնակ ռեժիսոր Նոնա Աղաջանովան աջակցեց առաջին համարի լույսընծայմանը, իսկ երկրորդից սկսած՝ այն իրականություն դարձավ գործարար, դարձյալ մոսկվաբնակ, Կարեն Իվանի Բաղդասարովի շնորհիվ»:
Ի դեպ, վերջին տարիներին ակնհայտ են Պոլյակովի ստեղծագործական սերտ կապերը հայերի հետ, եւ բացի նրա երկերի հայերեն թարգմանություններից, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում Ալեքսանդր Գրիգորյանի ռեժիսուրայով բեմադրվել են հեղինակի «Աֆրոդիտայի ձախ կուրծքը», «Համադասարանցիները», «Ինչպես աստվածներ» պիեսներն ու Լիա Իվանյանի թարգմանությամբ «Ուլիկը կաթի մեջ», «Սնկերի արքան», «Ընկածների երկինքը» ստեղծագործությունները:
«Առավոտի» հյուրը տեղեկացրեց, որ նոյեմբերին Մոսկվայում կնշվի Յուրի Պոլյակովի 60-ամյա հոբելյանը, որի շրջանակներում ինքը կներկայացնի գրող-դրամատուրգի հայերեն թարգմանությունների առանձնահատկությունները:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Նկարում՝ Յուրի Պոլյակովը (ձախից), Լիա Իվանյանը եւ Ալեքսանդր Գրիգորյանը:
«Առավոտ» օրաթերթ
31.10.2014