«Որ աշխատում ես՝ ապրում ես, որ չես աշխատում՝ չես ապրում»,- ասում է Սյունիքի մարզի Եղվարդ համայնքի բնակիչ, 72-ամյա Էդիկ պապը: Նա չի մտաբերում, թե վերջին անգամ իրենց գյուղ երբ է պաշտոնյա եկել։ Ասում է՝ ընտրությունների ժամանակ են միայն գալիս, իսկ հենց դրանք ավարտվում են, էլ իրենց հիշող չի լինում։ Պատերազմի մասնակից է, այժմ էլ ապրելով սահման պահող գյուղում, ուզում է, որ երկրում խաղաղություն լինի, ժողովուրդն էլ առողջ լինի ու լավ ապրուստ ունենա։
Երկար տարիներ Էդիկ պապը քաղաքում է բնակվել, ավտոբուսի վարորդ է աշխատել։ Ծնողների մահից հետո ամեն ինչ թողել ու եկել է հայրենի գյուղ։ Նրա հետ միասին որդու ընտանիքն է բնակվում, իսկ միակ դուստրը Կապանում է։
Էդիկ պապը փոքրիկ այգի ունի: Տնամերձ հողամասում լոլիկ, վարունգ, լոբի, կարտոֆիլ, սոխ է աճեցնում: Պահում է նաեւ տասը այծ, որոնց կաթն, ասում է՝ իր առողջարարությամբ հայտնի է:
Ամբողջ Եղվարդ համայնքում ոռոգման ջուր չկա, բնակիչների բախտը բերել է այնքանով, որ աղբյուր կա, եւ ում տանն այն մոտ է, դրանով են ջրում այգիները։ Էդիկ պապի համոզմամբ՝ գյուղացու աշխատանքի 60 տոկոսից քաղաքացին է օգտվում։
Գյուղից մեկնողները շատ են, հիմնականում գնում են սեզոնային աշխատանքի ու վերադառնում։ Էդիկ պապը վստահ է՝ եթե Եղվարդում աշխատանք լինի, ջուր լինի, մեկնող չի լինի։ Շատերի պես չի փնովում այսօրվա սերնդին, ասում է՝ աշխատող, ստեղծող են, մնում է միայն, որ պայմաններ լինեն։
Կարդացեք նաև
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.10.2014