Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մերժել է, Ադրբեջանն` ընդունել

Հոկտեմբեր 31,2014 21:43

Վերջերս համաշխարհային տնտեսական ֆորում կազմել է 2014 թվականի գենդերային հավասարության ամենամյա վարկանշային աղյուսակը, որտեղ Հայաստանը 142 երկրների շարքում գրավել է 103-րդ տեղը:

Ի՞նչն է պատճառը, որ մեր երկիրը այդ ցուցակի վերջին տեղերում է գտնվում, արդյոք Հայաստանում գենդերային հավասարության հաստատմանն ուղղված որեւէ քայլ չի կատարվում:

Aravot.am-ի այս հարցերին ի պատասխան «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանն ասաց, որ եթե համեմատենք Հայաստանի այս տարվա ցուցանիշը նախորդ տարվա հետ, ապա մենք հետընթաց ենք գրանցել. 2013 թ-ին մենք 94-րդ տեղում էինք, 2012-ին՝ 92-րդ, իսկ 2011-ին՝ 86-րդ: Այս տարի 103-րդ տեղում ենք:

Աննա Նիկողոսյանի դիտարկմամբ` մենք մի քանի հորիզոնականով իջել ենք, բայց իրականում, ոչ թե հետընթաց է, այլ առաջընթաց չկա, քանի որ մեր հարեւան երկրները բավականին առաջ են գնացել: Օրինակ` Վրաստանում կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ, առողջապահության եւ կրթության ցուցիչում առաջընթաց ունի, իսկ մենք նույն դիրքերում ենք մնացել, զարգացում չի եղել, այսինքն` ինքնըստինքյան հետ ենք մնացել:

«Բայց կա մի գործոն, որն ուզում եմ առանձնացնել, դա սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն է, սելեկտիվ աբորտներն արտացոլվում են գենդերային անհավասարության ինդեքսում: Այս առումով Հայաստանն աշխարհում 2-րդ տեղում է, տարածաշրջանում` առաջին, հետո` Ադրբեջանը: Նկատենք, որ Գեղարքունիքի մարզում սելեկտիվ աբորտների պատճառով 124 տղայի դիմաց 100 աղջիկ է ծնվում: Եթե մի երկրում տղաներն ավելի շատ են ծնվում, քան` աղջիկներն, արդեն գենդերային անհավասարություն է, որն Հայաստանին հետ է մղում»,-ասաց Աննա Նիկողոսյանը:

Հ/կ-ի տնօրենի խոսքերով, նման աղյուսակներ կազմելիս հաշվի է առնվում

թե կանանց ներգրավվածությունը կրթության ոլորտում, կանանց առողջության մակարդակը, կանանց ներգրավվածությունը քաղաքականության եւ տնտեսության մեջ: Եթե Հայաստանում կանանց մասնակցությունը կրթության մեջ ցածր չէ եւ թե տղամարդիկ եւ թե կանայք գրեթե հավասարապես կրթություն են ստանում, ապա  հետագայում, ինչպես ասաց Նիկողոսյանը, կանանց աշխատանքի անցնելու խնդիր կա, այսինքն` նրանց մասնակցությունը տնտեսության մեջ ցածր մակարդակի վրա է: «Տղամարդկանց զբաղվածությունն ավելի բարձր է, քան` կանանց, պաշտոններն էլ, եթե դիտարկենք, բարձր պաշտոններում տղամարդիկ ավելի շատ են, կանայք ավելի ցածր օղակներում են, լավագույն դեպքում` կատարողական օղակներում, կանանց գործազրկության մակարդակն էլ բարձր է, հայ կանայք տնտեսության մեջ չեն ռեալիզացվում»,-ասաց Աննա Նիկողոսյանը:

Տարածաշրջանում Ադրբեջանն ու Վրաստանն, ի տարբերություն Հայաստանի, առաջխաղացում ունեցել են. Աննա Նիկողոսյանի փոխանցմամբ` Ադրբեջանն ունի ընտանեկան բռնության մասին օրենք, նրանք արդեն օրենքի լրամշակված տարբերակի վրա են աշխատում, իսկ Հայաստանը նման օրենք չունի, ավելին` մերժվեց օրենքի նախագիծը: Իսկ Վրաստանում, թեեւ, կա խնդիր ընտանեկան բռնության եւ խտրականության առումով, բայց ինչպես ասաց հ/կ-ի տնօրենը, այս երկրում պետական մակարդակով լուրջ քաղաքականություն է տարվում գենդերային հավասարության հաստատման ուղղությամբ, ոլորտը առաջնային են համարում եւ կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում, օրենքներ է ընդունում այդ ոլորտում առաջընթաց ունենալու համար, իսկ մեզ մոտ, ըստ էության, գրեթե ոչինչ պետական մակարդակով չի արվում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031