«Եռյակի առաջարկներին կամ պահանջներին ես անդրադարձել եմ և ավելացնելու բան չունենք: Այդ առումով մի բան կարող եմ ասել, որ ուլտիմատումներով և պահանջներով խոսելը քաղաքականության լեզուն չէ»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում քննարկվե՞լ են եռյակի պահանջները, քանի որ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ ժամանակ են տալիս իշխանություններին, հակառակ դեպքում իրենք պահանջելու են արտահերթ ընտրություններ, ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցին՝ պարոն Շարմազանովը պատասխանեց. «Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն: Եթե մենք գնանք այդ տրամաբանությամբ, ապա ՀՀ-ում մշտապես մենք կմտնենք ընտրությունների փուլ և մի ընտրությունը կփոխարինվի հաջորդով: Միշտ էլ կգտնվեն հասարակության շերտեր, ովքեր դժգոհ կլինեն այս կամ այն իրավիճակից: Երկրորդը, եթե մարդիկ ուզում են փոփոխություններ, ապա մենք գնում ենք համակարգային փոփոխությունների ճանապարհով, իսկ դրա լավագույն ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են»:
ՀՀԿ խոսնակը նաև տեղեկացրեց, որ փոխվարչապետի հարց նիստում չի քննարկվել:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ