Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ոչ տուն ունի, ոչ հողամաս, ոչ էլ մեքենա: Նրա ունեցած-չունեցածը չոր աշխատավարձն է եւ դրամական միջոցներ՝ 2.5 մլրդ դրամի եւ 1 մլն դոլարի չափով:
Համենայնդեպս, այդպես է նա ներկայացրել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի» իր վերջին՝2012-ի հայտարարագրում:
Անշարժ գույք չունեն նաեւ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը եւ որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Տիկին Լորետան ներկայացրել է, որ միայն աշխատավարձի հույսին է՝ 1 մլն 227 հազար դրամի չափով, իսկ Տիգրան Խաչատրյանը, որը նույնպես ոչ մի գույք չի հայտարարագրել, ներկայացրել է միայն 360 հազար դրամ աշխատավարձ: Այս հայտարարագրից հարց է առաջանում՝ որտե՞ղ է տեղի ունեցել Գորիսի հայտնի միջադեպը, եթե Խաչատրյանները տուն չունեն:
Ընդհանրապես, մարզպետների հայտարարագրած ունեցվածքը տեսնելով՝ տպավորություն է ստեղծվում, որ նրանք ոտքով են շրջում, որովհետեւ մեքենա չունեն եւ վարձով են բնակվում, որովհետեւ տուն չունեն:
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ոչինչ չի հայտարարագրել, բացի աշխատավարձից՝ մոտ 2,5 մլն դրամ:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը միայն աշխատավարձ է հայտարարվել:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտարարագրել է, որ ունի 16.7 մլն դրամ եւ աշխատավարձից ստացված եկամուտը:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հայտարարագրել է 14.8 մլնդրամ դրամական միջոցներ եւ աշխատավարձից բացի, մոտ 2 մլն դրամ կենսաթոշակ:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդհանրապես չի հայտարարագրել իր ունեցվածքը, ըստ էթիկայի հանձնաժողովի:
Միայն Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հայտարարագրել է մեկ հողամաս, մեկ «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, 7.6 մլն դրամ, 33 հազար դոլար եւ 15 հազար եվրո:
Իսկ Լոռու եւ Կոտայքի մարզպետների ունեցվածքներին անդրադարձել էինք ավելի վաղ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ