Հոկտեմբերի 31-ին Գորիսի տարածաշրջանում էր ՌԴ խորհրդարանականների պատվիրակությունը` Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Այդ այցը նախատեսված չէր Հայաստան գալու ծրագրի մեջ: Սակայն Մոսկվայում ընդառաջեցին Ն. Ռիժկովին: «Տաթևեր» ճոպանուղու հարակից թռիչքադաշտում վայրէջք է կատարում ուղղաթիռը: Այստեղ ռուս խորհրդարանականներին դիմավորում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Հյուրերը Տաթև են մեկնում ճոպանուղով և բարձրությունից դիտում ու հիանում աշնանային հանդերձով Հալիձորով, Սատանայի կամրջով, կարմիր-դեղին հագած անդնդախոր ձորերով: Ահա և Տաթևի վանքը: Այստեղ ամեն ինչ առինքնող է, վեհ և օդն անգամ ասես լցված է սաղմոսով: Եվ վանքում խորհրդարանականները մոմ են վառում, աղոթում:
Կարդացեք նաև
«Ահա ես նորից մեծ հաճույքով ձեզ մոտ եմ : Ես մոռացել եմ քաղաքը, սակայն չեմ մոռացել ճանապարհները: Մենք այն ժամանակ թթի օղի խմեցինք, լավն էր»-ասում է Ն. Ռիժկովը:
Մեր այն հարցին, թե` այսօր դուք Տաթևի վանքում հարսանիքի հանդիպեցիք, դա Ձեզ համար պատահականություն է, թե … Նա ասաց. «Իմ ամուսնությունը հիշեցի, որը տեղի է ունեցել 59 տարի առաջ: Ես աշխատում էի գործարանում: Պոլիտեխնիկական ինստիտուտի 3-րդ կուրսից մեզ մոտ ուսումնական պրակտիկայի եկան մի խումբ ուսանողներ: Ես այդ ժամանակ հանդիպեցի իմ ապագա կնոջը: Մենք այն ժամանակ ուսանողական հարսանիք արինք: Մեկ տարի հետո ծնվեց մեր առաջնեկը»:
Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը բնական համարեց Ն. Ռիժկովի ցանկությունը:«Նա ուզում է վերհիշել այս վայրերը, ուր եղել է 2002 թ: Նա հայ ժողովրդի լավ բարեկամն է: Ու հանուն հիշողության, նա որոշեց կրկին լինել Տաթևում»:
Չգիտեմ, Նիկոլայ Ռիժկովը կրկին ըմպեց Գորիսի թթի օղին, թե` ոչ, բայց ռուս խորհրդարանականներից հասցրին համտեսել տաթևցիների պատրաստած գինին ու ասել` անմահական է:
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ