Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հակոբյան. «Այդ 50.000 դրամ տուգանքներից վախեցող չկա»

Հոկտեմբեր 31,2014 19:43

Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում հրապարակվեց ՀՀ ոստիկանությունն՝ ընդդեմ «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանի գործով վճիռը (նախագահող դատավոր Ա. Միրզոյան): Դատավոր Ա. Միրզոյանը ընթերցեց վճիռը՝ համաձայն որի ՀՀ ոստիկանության հայցը բավարարվել է, իսկ Վարդան Հակոբյանի ներկայացուցիչների ներկայացրած հակընդդեմ հայցը՝ մերժվել: Վարդան Հակոբյանը կենթարկվի վարչական պատասխանատվության 50.000 դրամի չափով:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը դատարանում պահանջում է Վարդան Հակոբյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիշեցնենք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժումը 2013-ի հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիա էր իրականացնում Ամիրյան 24 հասցեում և պահանջում դադարեցնել «Ֆլեշ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ապօրինի շինարարությունը: Հենց այս ակցիայի ժամանակ էլ Վարդան Հակոբյանը բերման է ենթարկվել:

Վարդան Հակոբյանի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանն ու Սերգեյ Գրիգորյանը ներկայացրել էին հակընդդեմ հայց՝ ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության միջամտող գործողությունները, այդ թվում սեփական կարծիքն ազատ արտահայտելու, ազատ խոսքի, միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտելը:

Aravot.am-ը պարոն Հակոբյանից հետաքրքրվեց՝ սպասելի՞ էր նման վճիռ: Նա պատասխանեց. «Առաջին վճիռն է, ուստի չգիտեի՝ ինչ ակնկալել: Բայց ոչ մի ապացույց չունեն, թե իրենք ինչի հիման վրա են բավարարել հայցը:

Չգիտեմ՝ իրենք ինչ են ներկայացրել իրենց անօրինական գործողությունները արդարացնելու համար, բայց եթե այնտեղ մի բան կար անօրինական, դա ոստիկանության գործողություններն էին: Նույնիսկ ես եմ ասել՝ այս ի՞նչ խուլիգանություն եք անում, անօրինական փակել եք տարածքը ու թողնում ենք մարդկանց քանդե՞լ»:

Մեր դիտարկմանը, թե ՀՀ դատարաններում նմանատիպ բազում դատական գործեր կան, այդպիսով փորձում են խեղդե՞լ քաղաքացիական շարժումը, ակտիվիստներին վախեցնե՞լ ու ընկճե՞լ, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Ես արդեն այդ ամենը համարում եմ հնացած մեթոդներ: Քաղաքացիական շարժումներն էլ մեծ հաշվով արդեն արդյունավետ չեն: Մնում է մի բան՝ համակարգային փոփոխություններ, իշխանափոխություն՝ իրենից բխող բոլոր հետևանքներով»:

Այնուհետև պարոն Հակոբյանը վրդովվեց. «Իրենք կարող են հանգիստ հանրապետության կեսն էլ քանդել, ոչ մի բանի վրա չեմ զարմանում, իրենց մեթոդները չեն փոխվել: Ով վախենալու էր, արդեն վախեցել էր, ով չի վախեցել, չի էլ վախենա, էս հիսուն հազար դրամ տուգանքներից էլ վախեցող չկա»:

Պարոն Հակոբյանը չբացառեց, որ վճիռը մեկ ամսվա ընթացքում իրենք բողոքարկեն ու նշեց. «Իրենք ունեն ապացուցելու բան, թե ինչու են ինձ բերման ենթարկել»: Մեր դիտարկմանը, թե հայցվոր կողմը դատարանում պնդում է, թե Վարդան Հակոբյանը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը, պարոն Հակոբյանն այսպես արձագանքեց. «Չկա նման պահանջ, նման պահանջ չի ներկայացվել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031