ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015 թ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելիք ֆինանսական ցուցանիշները:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ 2015 թվականին սոցիալական ոլորտի պաշտպանության ծախսերը կկազմեն 385 մլրդ 580 մլն դրամ:
Նա տեղեկացրել է նաեւ, որ 2015 թվականի հուլիսի 1¬ից նվազագույն ամսական աշխատավարձը պակաս չի լինելու 55.000 դրամից:
Մասնավորապես նա նշել է, որ քաղաքացիական ծառայողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը 2015 թվականի հուլիսի 1¬ից նախատեսված է բարձրացնել մինչեւ 300 հազ դրամ:
Ծրագրված է սպայական անձնակազմի եւ նրանց ընտանիքի անդամների տրվող վճարների համար հատկացնել 20 մլրդ 918.4 մլն դրամ: Միջին ամսական կենսաթոշակը, որն այսօր 61հազ 447 դրամ է, նախատեսվում է բարձրացնել 14 տոկոսով, իսկ 20 հազ. դրամ կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 14 տոկոսով:
Աշխատանքային կենսաթոշակը 36000 դրամի փոխարեն կհասցվի 41000 դրամի:
2015 թվականին, ըստ փոխնախարարի, կպահպանվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը: Հղիության եւ ծննդաբերության նպաստի համար նախատեսված է հատկացնել 5 մլրդ 887 մլն դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ 2015 թվականին նախատեսված է իրականացնել 72 ծախսային ծրագիր: Նախարարի խոսքով՝ 2015թվականին եւս կառավարության համար առաջնային է լինելու կենսաթոշակների աստիճանական բարձրացումը: 2015 թվականի հունվարի 1¬ից, ըստ նախարարի, կենսաթոշակների չափը կավելանա 2000 դրամով, զինվորական կենսաթոշակները եւս կբարձրանան:
2015¬ին, ըստ Արտեմ Ասատրյանի, ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը կկազմի 104 հազ, կշարունակվի ավանդների փոխհատուցումը:
Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Մարտուն Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցները: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ՀՀ բյուջեից տվյալ ոլորտներին հատկացվող գումարները եւ ծրագրերը:
Պավել Սաֆարյանի խոսքով՝ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսության ոլորտին նախատեսվում է հատկացնել 16,594.5 միլիոն դրամ: ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերի ավելացումը կազմում է 1,498.5 միլիոն դրամ կամ 9.8 տոկոս:
Անդրադառնալով բնապահպանության ոլորտի հատկացումներին՝ Պավել Սաֆարյանը նշել է, որ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 2,901.0 միլիոն դրամ՝ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հաստատված 2,322.1 միլիոն դրամի դիմաց: Ծախսերի ավելացումը կազմում է 578.9 միլիոն դրամ կամ 24.9 տոկոս:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ներկայացնելով ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները, խոսել է գյուղատնտեսության նախարարության իրականացրած, ինչպես նաեւ նոր ծրագրերի մասին: Նախարարը նշել է, որ «Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 150.0 միլիոն դրամ՝ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հաստատված գումարի չափով: Իսկ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 1,163.0 միլիոն դրամ՝ նախորդ տարվանից 290,5 միլիոն դրամով ավելի: Սերգո Կարապետյանը նշել է, որ այս ծրագրով նախատեսվում է սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին տրամադրված վարկերի տոկոսադրույքները 6 տոկոսի չափով: Նախարարը նշել է, որ պետությունը շարունակելու է աջակցությունը հողօգտագործողներին՝ մատչելի գնով պարարտանյութեր եւ դիզելային վառելիք ձեռք բերելու ուղղությամբ: Նա նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում են շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրեր:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է, թե որ ծրագրերին են ուղղվելու ընթացիկ ծախսերի գծով հատկացված միջոցները: Նախարարը նշել է, որ 18 ծրագիր շարունակվելու է, իսկ 2 ծրագիր նոր է իրականացվելու: Նա նշել է, որ «Ձկան պաշարների համալրում» ծրագրի համար ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 60.0 միլիոն դրամ՝ նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված գումարի չափով: «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագրի համար ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարը նույնպես համապատասխանում է նախորդ տարվա նախատեսված գումարի չափին՝ 125.4 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մաքրել Սեւանա լճի շրջակայքի 93 հա ջրածածկ անտառտնկարկներ: Նախարարի խոսքով՝ «ՀՀ ջրավազանային կառավարման պլանների մշակման ծառայություններ» ծրագրի համար ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 31.2 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակում:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը տեղեկացրել է, որ ՀՀ 2015 թվականի բյուջեով նախատեսված է հատկացնել 38,082.7 միլիարդ դրամ, որից 241 միլիոնն ուղղվելու է կոմիտեի պահպանմանը: Վահե Հակոբյանը նշել է, որ ջրային տնտեսության ոլորտում շարունակվելու են նախատեսված աշխատանքները: Անդրադառնալով «Ոռոգման համակարգերի հիմնանորոգում» ծրագրին՝ նա նշել է, որ ծրագրի իրականացման համար նախատեսված է 1,000.0 միլիոն դրամ՝ նախորդ տարվա հատկացվածի չափով:
Համատեղ նիստի ավարտին ոլորտների պատասխանատուները պատասխանել են պատգամավորների հարցերին:
ՀՀ Ազգային ժողով