Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղում թեև բազմաթիվ խնդիրներ կան, սակայն գյուղի տղամարդիկ չեն բողոքում: Ըստ նրանց, իրենք թասիբով ժողովուրդ են, կստեղծեն, մի կերպ կապրեն, միայն թե մի հակակարկտային կայան լինի. այս գյուղը շատ է տուժել վերջին կարկտահարություններից: «ՄԵր գյուղի ժողովուրդը հիմնականում ապրում է դրսի, Ռուսաստանի հաշվին, գնում են Մոսկվա Սվերդլովսկ, Նովոսիբիրսկ, Լենինգրադ», -թվարկում են գյուղացիները:
Մեր այն հարցին, թե հունվարից ի՞նչ են պատրաստվում արտահանելու Մաքսային միության կազմում գտնվող երկրների շուկա, գյուղացիները պատասխանում են`ոչինչ: «Եթե գյուղացին ինքը կարտոֆիլ է գնում, ի՞նչ արտահանի, կասե՞ք, կոնկրետ մեր գյուղում այդպես է», -ասաց տղամարդկանցից մեկը: Մյուսներն էլ հավելեցին, որ գյուղում ոռոգման ջուր չկա, դրա համար էլ չեն կարող բնամթերք արտադրել, այստեղ միայն հացահատիկ են աճեցնում: Նրանցից մեկն էլ դժգոհեց, որ խմելու ջուրը նորմալ չէ ու այնքան թանկ է, որ վախենում են խմել: Գյուղացիները դժգոհեցին, որ մսի իրացումը ևս մեծ խնդիր է, հատկապես տավարի մսի: «Մաքսային միությունը գոնե մեր գյուղից արտագնա աշխատանքի գնացողների դեպորտները կվերացնի , ելումուտը գոնե ազատ կլինի, էդ ինչքան մարդու դեպորտ խփեցին…»,- ասացին գյուղացիները:
Մանրամասները տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ