Խորհրդարանում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը մտահոգություններ հնչեցրեց Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի անխնա օգտագործման վերաբերյալ: Դիմելով բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին՝ պատգամավորն ասաց, որ վերջին տարիներին անհաշիվ ջրօգտագործման արդյունքում հորիզոնի կտրուկ անկում կա 8 մետրով. «Սա արդեն սպառնալիք է, եթե ոչ ավելի: Այսօր բոլորին հետաքրքրում է՝ ինչ քայլեր պետք է անել, որ մենք կարողանանք կանխել ջրային ռեսուրների այդ բարբարոս օգտագործումը»:
Նախարարն ասաց, որ քաղցրահամ ջրերի վերականգնվող պաշարի հետ կապված որոշակի ճշգրտումներ ունեն և տեղյակ են, որ միլիարդավոր խորանարդ մետր խմելու ջրի խնդիր կա:
Նաեւ հավելեց, որ կա նախագահի հանձնարարական` կարճ ժամանակահատվածում կարողանան հորերի փակման, կոնսերվացման ճանապարհով կանխել աղետը եւ ջրային պաշարներին վերականգնելու հնարավորություն լինի: «Տարվա կտրվածքով ունենք 358 մլն խմ խնայված ջուր: Աշխատանք ենք իրականացնում հիմնականում Մասիսում, որովհետև ձկնաբուժական և ապօրինի հորերի քանակը հիմնականում այստեղ է: 110 հորերի հետ աշխատանք կատարելով, ունենք որոշակի հատվածներում այն հորերը, որ ցամաքել են, հիմա սնկի նման ջուր է դուրս գալիս»,-ասաց նախարարը` բայց դեռ վաղ համարելով այդ նորությամբ ուրախանալը. «Տարվա կտրվածքով կշարունակենք փակման աշխատանքները այնքան, որ Արմավիրի շրջանում նույնպես հաջողություններ ունենանք: Կարծում եմ կկարողանանք ամբողջությամբ վերահսկել իրավիճակը»:
Նախարարը հանրությանն էլ հորդոր ուներ այս առիթով` սա միայն բնապահպանության նախարարության խնդիրը չէ, այլ խնդիր է ապագա սերունդների համար:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ