Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը գտնում է, որ Համաշխարհային բանկի հրապարակած «Doing Business»-ը` Գործարարություն 2015 զեկույցը, տնտեսությունում առկա ճիշտ խնդիրների արտացոլումը չէ : Նրա խոսքերով, շատ հնարավոր է՝ մեր երկիրը «Doing Business»-ով իր դիրքերն ամեն տարի բարելավի, բայց տարիներ շարունակ մենք խնդիրներ ունենանք:
Տնտեսագետն, արձագանքելով օրերս հրապարակված զեկույցին, որի համաձայն մեր երկիրը բիզնես վարելու վարկանիշով 1.3 նիշով բարելավել է իր դիրքը, ասաց. «Doing Business»-ի ցուցանիշները, իհարկե, ցույց են տալիս տվյալ երկրի բարենպաստության ռեժիմը` բիզնեսի վարման առումով, ցույց են տալիս, թե այդ երկիրն այդ առումով ինչքան է ավելի ազատական, բարենպաստ պայմաններով թե’ տեղական ձեռնարկությունների եւ թե’ օտարերկրյա ընկերությունների համար եւ նաեւ ներդրումները խրախուսելու, ներգրավվելու համար դրանք կողմնորոշիչ ցուցանիշներ են, այնուամենայնիվ, այդ կարգի ցուցանիշները տնտեսությունում տիրող իրական վիճակի, հեռանկարների ոչ այնքան համարժեք պատկերը կարող են ցույց տալ»:
Ըստ զեկույցի, մեր տարածաշրջանում բիզնես վարելու ամենաբարձր վարկանիշն ունի Վրաստանը, որն աշխարհում 189 տնտեսությունների շարքում 15-րդն է: Այս տարի Ադրբեջանը եւս տեղ է գտել ամենաշատ բարեփոխումներ կատարողների վերին տասնյակում: Հայաստանում բիզնես սկսելը դյուրացվել է գրանցմանը հաջորդող ընթացակարգերի կատարելագործման միջոցով: Մեր երկիրը 2014 թ.-ի 49-րդ վարկանիշային դիրքից 2015 թ.-ին տեղափոխվել է 45-րդ վարկանիշային դիրք:
Աշոտ Եղիազարյանի խոսքերով, որքան էլ Հայաստանը լավ ցուցանիշներ արձանագրի հետխորհրդային երկրների շարքում, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ Հայաստանը չունի տնտեսական խնդիրներ: Ըստ նրա, ընդհանուր տնտեսական հետընթացի ֆոնին, նույնիսկ Ռուսաստանն է «Doing Business»-ով դիրքերը բարելավել. «Այսինքն`ինչ-որ տեղ, դա վարչական ընթացակարգերի բարելավման հետ է կապված»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ