«Ե՞րբ կիրականանա, երբ մարդիկ կարդում են՝ ասում են գնանք գյուղ, այս ինչ հարմարավետ պայմաններ են ստեղծում»,-2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանին հարց ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանը: Նախարարը դեմ չէ, պատգամավորը ճիշտ է ասում: Նաեւ հավելեց, որ նոր կառավարության առաջիկա ծրագրի մեջ ներառված է գյուղի և գյուղատնտեսության զարգացման ծրագիր. «Առանց զարգացած գյուղի՝ գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ, այդ առումով, մենք բավականին խնդիրներ ունեք, դրանք տասնյակ տարիներով կուտակվել են և մեկ տարում անհնար է դրանք լուծել և այս խնդիրները ժամանակի ընթացքում իրենց լուծումները ստանալու են»:
Նախարարի խոսքերը պատգամավորի համար նորություն չէին, բայց դրանցից խոսուն է իրականությունը` գյուղատնտեսության ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման հիմնական ռեսուրսներից մեկը հողն է, պատգամավորը պաշտոնապես հայտարարեց, որ բարձր լեռնային և լեռնային շրջաններում, բացի տնամերձից ու գյուղի շրջակայքի հողերից, ոչ մի հողատարածք չի մշակվում. «Արդեն մելորացիայի էլ ենթակա չեն: Այն գեղավեր փուշն ու աշնան ավելը այնպես պատել են դաշտերը, որ մելորացիայի կարիք է զգացվում երկու երեք տարի, որ կարողանան մշակել, այդ մասին պետք է մտածեն: Մտնում ես գյուղ ու եթե հարմարավետ գյուղի մասին խոսես, կծիծաղեն: Այդ ուղղությամբ հարկավոր է աշխատանքներ տանել»:
Պատգամավորն առաջարկեց, որ խորհրդարանականներն ու գործադիրի պատկան գերատեսչության ներկայացուցիչներն այցելեն գյուղեր ու ստուգեն այն թվային տվյալները, որոնք ներկայացնում են գյուղապետարաններն` իբրեւ մշակվող տարածքներ: Նախարարը համաձայնեց, կա այդ խնդիրը: Ասաց` զբաղվում են: Ավելին, ինքն աններելի է համարում սակավահող համարվող երկրի համար հող չմշակելը, բայց. «Մեր առջև խնդիր ենք դրել 12- 15 000 հեկտար լրացուցիչ հող մշակել: Որ միայն փուշն եք տեսնում ու մշակված հողը չեք տեսնում, դա լավ չի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև