Վերջին շրջանում Կապանում տարբեր լուրեր էին շրջում, որ Կապանում գործող «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերությունում անցկացված հարկային ստուգումների արդյունքում` խոշոր չափի տուգանք է նշանակվել: Տարբեր վարկածներ էին շրջանառվում բնակիչների շրջանում, որ պետբյուջեում լուրջ ֆինանսական խնդիրներ կան, այդպիսով փորձ է արվում գումար մուտք արվել պետբյուջե կամ ինչ-որ մեկը փորձում է այս քայլով տիրանալ Կապանի կոմբինատին եւ այլ խոսակցություններ:
Այսօր ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերությունում ստուգումներ են անցկացվել, որի արդյունքում նախարարությունը 3.8 մլրդ դրամի տուգանք է նշանակել, ընկերությունը նախարարությունից 3.8 մլրդ դրամ տուգանքի մասին ծանուցում ստացել է սեպտեմբեր ամսին:
Հրաչ Ջաբրայանի համոզմամբ` խոշոր չափի տուգանքը չհիմնավորված է եւ իրենք դեմ են այդ որոշմանը, սեպտեմբերի 30-ին դիմել են վարչական դատարան, սպասում են դատական առաջին նիստի նշանակմանը:
«Ըստ իրենց` ընդերքի մասին օրենսգիրքն է խախտվել: Ամբողջությամբ համոզված եմ, որ ֆինանսների նախարարությունը սխալ է, մենք ճիշտ ենք: Ես իսկապես հիասթափված եմ, որ այսօր ես Հայաստանի ամենախոշոր հիմնարկների տնօրեններից մեկը հանդիսանալով` ինձ համեստ, անմիջական ու ժողովրդային կպահեմ, իսկ այսօր ցանկացած նախարարության պաշտոնյա այնպես է իրեն պահում, որ ցանկանում եմ իմ հիմնարկի մեջ հաջորդ անգամ ապտակեմ իր պահվածքի համար: Այս տգիտությունից պետք է դուրս գանք: Մենք ներքին աուդիտ ենք հրավիրել, որն ավելի կարճ կտեւի, քան ֆինանսների նախարարության կատարած ստուգումները` 17 ամիս»,- նշեց պարոն Ջաբրայանը եւ տեղեկացրեց, որ նախարարության հետ այդպես էլ տվյալ խնդրի շուրջ բանակցելու հնարավորություն չեն ունեցել, իրենց կողմից հանդիպում կազմակերպելու փորձերն ապարդյուն են անցել: Նա նաեւ տեղեկացրեց, որ մտադիր է հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել այս հարցը:
Կարդացեք նաև
Անցած տարի էլ բնապահպանական պետական տեսչության կողմից անցկացված ստուգումների արդյունքում այս ընկերությունում արձանագրված խախտումների համար 380 մլն դրամի տուգանք էր նշանակվել, սակայն տնօրինությունը կրկին անհիմն էր համարել այդ տուգանքը եւ բանակցությունների ու վերստուգման արդյունքում տուգանքի չափը դարձել էր 30 մլն դրամ:
Այն հարցին ի պատասխան, թե արդյոք այս ամենը հատուկ վերաբերմունքի դրսեւորո՞ւմ է ընկերության հանդեպ, պարոն Ջաբրայանը նշեց, որ ինքն այդ կարծիքին չէ, քանի որ այլ հանքարդյունաբերական ընկերություններում եւս նման խնդիրներ են եղել, սակայն ընդգծեց, որ նման մոտեցումները խոչընդոտ են հանդիսանում օտարերկրյա ներդրողների կողմից Հայաստանում հուսալի բիզնես միջավայրը զարգացնելու համար:
«Մենք պահանջում ենք, որ երկրի համապատասխան պաշտոնյաները գիտակցեն, որ սա սկզբունքային բիզնես է եւ ներդնողը պետք է ետ վերադարձնի իր կողմից ներդրած գումարը: Ինքն այստեղ ներդրում է անում շահ ունենալու համար, ոչ թե հայրենասիրությունից դրդված, եւ եթե մենք միջավայր չստեղծենք, որ այդ հիմնարկը նորմալ թափանցիկ աշխատի, մենք պիտի կորցնենք արեւմտյան երկրների ներդրողներին:
Համոզված եմ, որ այս մեկը Դանդիի դեմ քայլ չէ, բայց եւ համոզված եմ, որ Դանդին Հայաստանում ամենաթափանցիկ աշխատող հանքարդյունաբերական հիմնարկն է», – ասաց պարոն Ջաբրայանը եւ հավելեց, որ ենթադրություններ են տարածված այն խոսակցությունները, որ իբրեւ այս ձեւով մտադրություն կա խլելու «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերությունը, քանի որ ինքը նման տեղեկություն չունի: Հրաչ Ջաբրայանը նաեւ տեղեկացրեց, որ ինքն է ընկերության միակ հայազգի բաժնետերը:
Ընկերության ֆինանսական բաժնի պետ Նորայր Աղայանի խոսքով` «Դանդի փրեշս մեթալս Կապան»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի տասնյակում է եւ տարեկան մոտավորապես 10 մլն դոլարին համարժեք գումար է վճարում պետբյուջե:
Ինչ վերաբերում է կոմբինատի հետագա գործունեությանը, ապա ընկերությունը տվյալ խնդրով պայմանավորված, աշխատանքները դադարեցնելու եւ աշխատողների աշխատավարձերը կրճատելու ծրագրեր չունի: Պատասխանատուների տեղեկացմամբ` ընկերությունը, ընդհանուր առմամբ, տարեկան մոտ 10 մլն դոլարի աշխատավարձ է վճարում քաղաքի բնակիչներին:
«Ամեն ամիս մենք 800 հազար դոլարից ավելի աշխատավարձ ենք տալիս, այդ գումարը ծախսվում է այս քաղաքում: Մոտ մեկ մլն դոլար էլ բարեգործական, սոցիալական ծրագրեր ենք իրականացնում այս քաղաքում: 23 օտարերկրյա աշխատողներ ունենք, նրանց աշխատավարձը ծախսվում է այստեղ, հիմնարկը ողնաշարն է այս քաղաքի», – ասաց «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրենը եւ հերթական անգամ նշեց, որ ընկերությունը շարունակում է վնասներով աշխատել, թեեւ վերջին ամիսների ընկերության աշխատանքի արդյունքներից գոհ է, իսկ շահույթով աշխատելու դեպքում մտադիր են աշխատողների աշխատավարձերը բարձրացնել:
Հանդիպման վերջում Կապանում գործող հ/կ ներկայացուցիչները հանդես եկան ընկերությանը աջակցելու հայտարարությամբ եւ նշեցին, որ թեեւ ժամանակին դեմ էին ընկերությանը, երբ խոսքը գնում էր Շահումյանի բաց հանքի հնարավոր շահագործմանը, բայց այսօր պատրաստակամ են աջակցել «Դանդիին», քանի որ խնդիրը վերաբերում է Կապանում հիմնական աշխատատեղեր ապահովող ընկերության գործունեությանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ