«Հենց կրակում են՝ մենք շեփորն ավելի բարձր ենք հնչեցնում»,- ասաց Բերդավանի երաժշտական դպրոցի տնօրեն Մարինե Նաֆիդյանը: Նա հպարտությամբ նշելով իրենց դպրոցի աշակերտների առաջադիմությունը, ներկայացրեց նաեւ մի շարք խնդիրներ, որոնք առկա են դպրոցում՝ սկսած շենքային ոչ բարվոք պայմաններից մինչեւ աշխատավարձի խնդիրները: Խնդիրները եւ առաջարկությունները լսեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որն այսօր Տավուշի մարզում էր աշխատանքային շրջայցով: Նոյեմբերյանի մանկական երաժշտական դպրոցում նախարարը հանդիպել է տարածաշրջանի երաժշտական դպրոցների տնօրենների հետ: Այնուհետեւ նախարարը ծանոթացել է Նոր Վարագավանքի եւ Գոշավանքի վերականգնման աշխատանքներին:
Նոր Վարագավանքում վերականգնման աշխատանքները գրեթե ավարտին են մոտեցել, սակայն Հասմիկ Պողոսյանը նկատել է, որ գավիթի պատը եւս ամրացման կարիք ունի:
Դիլիջանի պետական երաժշտական դպրոցում նախարարը հանդիպել է մարզի արվեստագետների եւ մտավորականների հետ, ներկա գտնվել մարզի շնորհալի երեխաների աշխատանքների ցուցահանդեսին եւ համերգային ծրագրին:
Մշակութային կրթության ասպարեզում ունեցած ներդրման, ինչպես նաեւ երկարամյա մանկավարժական արդյունավետ գործունեության համար Տավուշի մարզի մշակութային կրթության ոլորտի աշխատակիցներին Հասմիկ Պողոսյանը շնորհեց պատվոգրեր:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ