«Մենք, կարելի է ասել` սերմով ապահովված ենք, ուղղակի պետք է ապահովենք բարձրորակ սերմացուի ներկրումը հանրապետությունում: Ոչ մի երկիր թույլ չի տալիս, որ իր սուպերէլիտար սերմը երկրից դուրս գա, բայց մենք պայմանավորվածություն ունենք, որ ներկրենք այդ սերմը»,-այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Սերմնաբուծության ծրագրերի մասին հետաքրքրվել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Խոսրով Հարությունյանը, նկատեց` հայտնի փաստ է, որ բերքատվության կտրուկ անկումը պայմանավորված է հողերի բաղադրության դեֆորմացիայով: «Դուք միայն սերմացումների միջոցով եք փորձում լուծել, բայց պարարտանյութերի համար քիմական բաղադրանյութը պակաս կարևոր չէ և դրա համար հավելյալ գումարների անհրաժեշտություն չկա»,-ասաց նա:
Նախարարը նշեց, թե հողերը տարիներ շարունակ միակողմանի սնուցում են ստանում ազոտական պարարտանյութով, բացի այդ, առաջին անգամ ներմուծվել են նաև ֆոսֆորական պարարտանյութեր. «Այս տարի ներմուծեցինք, մենք բացատրական աշխատանք ենք տանում, որ այս պարարտանյութերը խիստ անհրաժեշտ են»:
Նախարարը նկատեց, որ իրենք չեն կարող պարտադրել գյուղացուն, միայն բացատրական աշխատանքների միջոցով են փորձում խնդիրը լուծել: Խոսրով Հարությունյանը հակադարձեց` գյուղացին չի գիտակցում և կարևորությունը թողնել միայն նրան գիտակցությանը՝ ճիշտ չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև