ԱՄՆ-ի հեղինակավոր Քանզասի համալսարանի հրավերով հոկտեմբերի 30-ին “Եվրասիական տնտեսական միության տնտեսական և քաղաքական մարտահրավերները” թեմայով հրապարակային դասախոսությամբ հանդես եկավ “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Նա անդրադարձավ գլոբալ ֆինանսական ճգնաժամին հաջորդած ժամանակահատվածում տեղ գտած տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին, ինչպես նաև երկբևեռ աշխարհից` միաբևեռ, միաբևեռից` բազմաբևեռ աշխարհին անցման աշխարհաքաղաքական իրողություններին:
Այս համատեքստում բանախոսն ընդգծեց միջազգային նոր տնտեսակարգի ստեղծման, զարգացած և զարգացող երկրների միջև որակապես նոր հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության հիմնադրմանը և այս կառույցին Հայաստանի Հանրապետության անդամակցության խնդիրներին, Մանասերյանը դրանք դիտարկեց գլոբալացմանը զուգահեռ տարածաշրջանայնացման գործընթացի շրջանակներում, նշելով, որ իրականում խնդիր է դրվում ոչ միայն ստեղծել նոր ռազմավարական միություն, այլև այն վերածել համաշխարհային տնտեսության ուժի կենտրոններից մեկի, որը կմիավորի զարգացող երկրների ներուժը ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև հնարավոր կդարձնի Արևմուտք – Արևելք առավել փոխշահավետ համագործակցությունը, տնտեսական և քաղաքական կայունության ապահովումը:
Ստեղծված իրավիճակում Հայաստանը հնարավորություն է ստանում իրացնել սեփական մրցակցային առավելություններն ավելի ընդարձակ սպառողական շուկայում, բարելավելու արտահանման հավակնություն ունեցող արտադրությունների մրցունակությունը` հետագայում մուտք գործելու որակական առումով ավելի բարձր նշաձող ունեցող եվրոպական և ամերիկյան շուկաներ: Արծարծված հարցերի շուրջ մտքերի փոխանակմանը մասնակցեցին Քանզասի համալսարանի պրոֆեսորներ Մերիլին Թեյլորը, Դեյվ Դոնելին, Քերի Քլարքը, Բիլի Էդդին և այլոք: Հանդիպման ավարտին ի պատիվ հայ գիտնականի Քանզասի համալսարանի ռեկտոր Լեո Մորթոնի կողմից կազմակերպված ընդունելությանը մասնակցեցին նաև Միզուրի նահանգի հայ համայնքի ներկայացուցիչներ: