Գյուղմթերքների արտահանման համար ի՞նչ աջակցություն է նախատեսվում, հաշվի առնելով, որ եկող տարվա հունվարի մեկից մենք պատրաստվում ենք անդամակցել ԵՏՄ-ին: Այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը: Ըստ պատգամավորի, բյուջեի նախագծում նման հատկացումներ չեն երեւում:
Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ հանձնաժողովների քննարկման ժամանակ արդեն մի քանի անգամ ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ հարց է եղել, և ինքը բացատրել է, որ այդ հանգամանքը հաշվի չի առնված, քանի որ այն ժամանակ, երբ բյուջեն էր կազմվում, համաձայնագիրը ստորագրված չի եղել: «Ընդ որում համաձայնագիրը կնքված չէ նաև հիմա, այն ենթակա է հաստատման, դուք պատկերացնո՞ւմ եք, որ մենք դրա հետևանքները հաստատենք ու արտացոլենք պետական բյուջեում, երբ Ազգային ժողովն այն դեռ չի հաստատել: Մենք չենք կարող արտացոլել, մինչև չհաստատվի»,- իր պարզաբանումները շարունակեց փոխնախարարը:
ԲՀԿ-ական պատգամավորը «տնավարի» արձագանքեց. «Ցանկացած ընտանիք, եթե ամուսնացնելու երեխա ունի, եթե նպատակ ունի էլի, ինչ-որ մի գումարի ձեռք չի տալիս, այլ պահուստային ֆոնդում կնախատեսի, որպեսզի եթե այս ամիս չէ, մյուսին ամուսնացնի: Դուք պահուստային ֆոնդում նախատեսե՞լ եք…մենք գիտենք, որ գնում ենք Եվրասիական միություն, որոշակի գումար կա՞, որ այդ ժամանակ հանենք ու ծախսենք»: Պավել Սաֆարյանն ասաց, որ պահուստային ֆոնդը չնախատեսված ծախսերն է ընդգրկում, և եթե այնտեղ գումար նախատեսված լիներ, դա այլևս պահուստային ֆոնդ չէր դառնա: «Անունն ուրիշ դրեք»,-ասաց ԲՀԿ պատգամավորը, ինչին Սաֆարյանն արձագանքեց` կփոխեն անունն այն ժամանակ, երբ համաձայնագիրը կվավերացնի ԱԺ-ն:
ԲՀԿ-ական պատգամավորի հաջորդ հարցը վերաբերվում էր Սեւանից ջրառին: Նա հիշեցրեց, որ խորհրդարանական հանձնաժողովի և ջրային պետական կոմիտեի համատեղ քննարկումների ժամանակ ներկայացվել է, որ Սևանի ջրառը նեղացվելու համար կառուցվելու են չորս ջրամբարներ, սակայն բյուջեում միայն երկուսն են ընդգրկված ու հետաքրքրվեց թե ինչո՞ւ մյուս երկուսը չեն կառուցվելու 2015-ին:
Կարդացեք նաև
Փոխնախարարը փարատեց պատգամավորի մտահոգությունները` նկատելով, որ ջրամբարների չկառուցման համար միտում չկա: Նա նաեւ պարզաբանեց, որ դրանց կառուցման համար դեռևս չկան համապատասխան վարկային համաձայնագրերը. «Երբ կլինի դա, մենք կարտացոլենք նաև բյուջեում: Բյուջեում արտացոլված են այն վարկերն ու դրամաշնորհները, որոնք իրավական հիմք ունեն»:
ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց` հավաստիացրել են, որ այդ վարկային ծրագրերը հաստատված են: «Փաստորեն մենք խաբվեցինք էլի: Սևանի վիճակը, սենց ա դուրս գալիս, որ եկող տարի ավելի կծանրանա, էդ էլ էդպես»:
Փոխնախարարին մնում էր զարմանալ` ինչպե՞ս կարող էր պատգամավորը չիմանալ, որ վարկերը դեռ ստորագրված չեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ