Ի պատասխան «Առավոտ»-ի ս.թ. հոկտեմբերի 28-ի «Հայաստանի քաղաքացին դիմել է Ֆրանսիայի դեսպանին, գիտակցելով՝ «արտառոց է» հրապարակման՝ «Երեւան Ջուր» ՓԲԸ հարկ է համարում օրաթերթի խմբագրությանը ներկայացնել հետեւյալ պարզաբանումը:
Իրոք, Վրեժ Աթաբեկյանն աշխատել է «Երեւան Ջուր» ընկերությունում, որպես խմելու ջրի բանվոր: Բայց ոչ միայնակ: «Արեւելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասում այդ ընթացքում նույնաբնույթ խնդիրների լուծման վրա համատեղ աշխատել են տասնյակ մասնագետներ: Սակայն բողոքում է միայն նա, ընդ որում շատ հետաքրքիր կերպով:
«Ազատությունից 1050 ժամ զրկված լինելու» մասին նա հիշել է աշխատանքից սեփական դիմումի հիման վրա ազատվելուց ավելի քան մեկ տարի անց եւ կատարած (իր կարծիքով) «գիշերային արտաժամյա աշխատանքի» դիմաց «հասանելիք» լրացուցիչ աշխատավարձի պահանջով բողոք ներկայացրել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արդեն նախկին` Աշխատանքի պետական տեսչություն: Դրա հիման վրա հիշյալ մարմինն ընկերությունում իրականացրել է բազմակողմանի ստուգում, այդ թվում ուսումնասիրել է Վրեժ Աթաբեկյանի գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, և հարուցված վարչական վարույթի արդյունքում արձանագրել, որ Ընկերության կողմից նրա որևէ աշխատանքային իրավունքի խախտում թույլ չի տրվել:
Ավելին, Վրեժ Աթաբեկյանը Տեսչության որոշումը բողոքարկել է վերադասության կարգով` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ով ուժի մեջ է թողել Տեսչության որոշումը: Դրանից հետո դիմումատուին բացատրվել է, որ, եթե նա իր պահանջը համարում է հիմնավոր, իսկ ընկերության ու տեսչության որոշումները՝ ապօրինի, ապա կարող է խնդիրը տեղափոխել դատարան: Սակայն վերջինս, չնայած իր ողջ ճշմարտասիրությանը (սեփական համոզմունքով), չգիտես ինչու խուսափել է ստեղծված իրավիճակում այդ, կարծես թե միանգամայն տրամաբանական քայլից:
Իհարկե, նա իրավասու է հետայսու նույնպես շարունակել գործել սեփական հայեցողությամբ: Սակայն դատելով այն բանից, որ արդեն փաստացի վերջնագիր է ներկայացրել Ֆրանսիայի դեսպանությանը, հակառակ պարագայում «սպառնալով» լքել Հայաստանը, տպավորություն է ստեղծվում, որ թնջուկը մոտ է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Շատերն են լքում Հայաստանը, բայց ոչ բոլորն են հագնում քաղաքական հալածյալի կամ իրավական ու տնտեսական արատավոր համակարգի զոհի պատմուճանը:
Պարտադիր չէ նաեւ որպես սեփական իրավացիության «եւս մեկ ապացույց» վկայակոչել երկու աշխատանքային ընկերների մահը, այդ թվում հենց աշխատավայրում: Սա արդեն ուղղակի գեղեցիկ չի: Նրան բոլորովին չի շփոթեցնում, որ աշխարհից ո՛չ մարդկությունն է վերացել եւ ո՛չ էլ դատախազությունը: Ինչպե՚ս կարելի է նման անպատասխանատու հայտարարություն անել եւ կամ մի՚թե հնարավոր է դա կոծկել: Ակնհայտ է, որ անգամ փոքր ինչ առնչության դեպքում տեղի ունեցածին, Ընկերությունը վաղուց ներգրավված կլիներ տվյալ փաստից բխող դատավարական գործընթացներում:
Գուցե Վրեժ Աթաբեկյանը զարմանա, հնարավոր է նաեւ վիրավորվի, բայց փաստ է, որ իր հեռանալուց հետո կյանքը «Երեւան Ջրում» կանգ չի առել: Նախկին գործընկերները շարունակում են «օրական աշխատել տասնվեցից քսան ժամ», ջուրն էլ՝ հոսել: Ու ո՛չ մի բողոք «այս ստրկացուցիչ աշխատանքային պայմանների» դեմ: Ավելին, համոզված չենք, որ Հայաստանում ընդհանրապես որեւէ մեկը նկատի նման «աշխատավորի» բացակայությունը: Մի խոսքով, ո՛չ հարգելի նախկին գործընկեր, մենք ձեզ չենք խանգարում կապել ճամպրուկները, դուք էլ մեզ մի խանգարեք աշխատել: Միեւնույն է, որքան էլ ջանաք, ոչ թե ձե՛ր գործողություններով ու գնահատականով է ձեւավորվում Ընկերության համբավը հասարակության մեջ, այլ ձեր գործընկերների՛: Ու դրա շնորհիվ Երեւանում տարեցտարի բարելավվող ջրամատակարարման:
«Երեւան Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն
Ինչպես Թուրքիան չի ցանկանում առերեսվել սեփական պատմության հետ, այնպես էլ դուք կամ Ձեր կազմակերպությունը չի ցա:նկանում առերեսվել իրականության հետ: