Այսօր Վարչական դատարանում տեղի ունեցավ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցով դատական վերջին նիստը:
«Բոլոր ապացույցները կան, որ ոստիկանների գործողությունները եղել են ոչ իրավաչափ: Նրանք անհարկի միջամտել են ակցիայի մասնակիցների գործողություններին»,- պնդում էր Կիվիրյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը:
Ըստ նրա, դատաքննության ժամանակ ոստիկանության ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանն էլ հաստատեց, որ ակցիայի ընթացքում կարող էին ձեռնարկել միջոցներ խաթարված երթեւեկությունը կարգավորելու համար, բայց միջամտելու անհրաժեշտություն չի եղել:
«Իսկ եթե անհրաժեշտություն չի եղել, ապա հարց է առաջանում ` էլ ինչ երթեւեկության կանոնների խախտման մասին է խոսքը ու նման դեպքում էլ ոստիկանությունը ինչու է ձերբակալումներ իրականացրել ու ուժ կիրառել»:
Կարդացեք նաև
Պարոն Կիվիրյանի մյուս ներկայացուցիչն էլ` Լուսինե Սահակյանը դատարանին ներկայացրեց տվյալներ, որ Արգիշտի Կիվիրյանը դեպքի օրը «Շտապօգնության» մեքենայով ոստիկանությունից «Արաբկիր» բժշկական կենտրոն է ընդունվել 17:20-ին.«Այսինքն, նա մեկ ժամ մնացել է ոստիկանության բաժնի մոտ՝ առանց բուժօգնության: Իրականում շտապ օգնությունը հրավիրվել է ոստիկան Վրթանեսյանի համար: Բժշկական օգնություն Արգիշտի Կիվիրյանին ցույց չի տրվել: Մեր բազմաթիվ պահանջները` շտապօգնություն հրավիրելու մասին, չեն կատարել: Երբ Վրթանեսյանին բուժօգնություն են ցուցաբերել ու արդեն իջել են ներքեւ, որ հեռանան, մենք` ինքներս շտապ օգնության բժիշկներին խնդրել ենք, որ իրենք բուժօգնություն ցույց տան Կիվիրյանին, որն այդ պահին ոստիկանության բաժնի դիմաց գետնին նստած էր, ու կան ապացույցներ, որոնք հիմնավորում են այս փաստերը»:
Ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանն էլ ներկայացրեց իր տվյալները` վկայակոչելով «Շտապ օգնության» թերթիկում գրանցված ժամը` 17:20 ու ասաց, որ այդ ժամին Արգիշտի Կիվիրյանին հիվանդանոցում արդեն զննել ու բուժօգնություն էին ցույց տվել:
Տիկին Սահակյանն էլ ուղղեց. «Հիվանդանոցում գրանցում են «Շտապօգնության» հասնելու ժամը: Անհնար է, որ «Շտապօգնությունը» հասնի, աշխատակիցները սպասեն՝ հիվանդին զննեն, վերջացնեն, հետո նոր ժամ գրանցեն: Նրանց գործառույթը միայն հիվանդանոց հասցնելն է»:
Նրա խոսքով, ոստիկանությունը միտումնավոր է սխալ ներկայացնում Կիվիրյանին հիվանդանոց տեղափոխելու, ընդունելու ժամը.«Խեղաթյուրում են փաստերը»:
Դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 21-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ