Պարզապես մահն է մեզ սիրահարվել…
Պարույր Սևակ
Այն կանանց փոփոխամտությունը, որոնց սիրել եմ ես, հավասար է եղել միայն ինձ սիրող կանանց դժոխային հաստատամտությանը:
Բերնարդ Շոու
Եթե հայը, կարելի է ասել, ոչ մեկին էլ չի սիրում, կամ սիրում է խաշ, ապա ո՞վ է նրան սիրում: Կանա՞յք: Ոչ: Հայ տղամարդիկ շրջապատված են հայ կանանցով, իսկ հայ կինը, ինչ էլ ասես, էլի հայ է: Խա՞շը: Բայց նա նույնիսկ շնչավոր գոյական չէ, այլ մեռած կովի ոտքերի մի մնացուկ: Ախպերությո՞ւնը: Չէ՞ որ ինքը սիրում է նրան: Բայց ինչպե՞ս կարող է քրեական-գողական ախպերությունը սիրել: Այնտեղ ուրիշ կատեգորիաներ՝ գողական «հասկացություններ» են իշխում, այնտեղ սերը տեղ չունի:
Կարդացեք նաև
Ուրեմն, կա՞ մեկը, որը սիրում է հային: Պարզապես մահն է մեզ սիրահարվել… Բանաստեղծը՝ նա, որ այլ մարդկանցից ավելի զորեղ է զգում սիրո, ատելության և մահվան շունչը, զգացել է դա:
Թվում է, թե այդ սերը, կամ նույնիսկ՝ սիրահարվածությունը, փոխադարձ է: Կա՞ աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որի պետության պաշտոնական տոնացույցն այդպես հեղեղված լինի մեռյալների պաշտամունքով, որքան մերը: Ցեղասպանության զոհերի հիշատակի մեկ և հանգուցյալների հիշատակի չորս օր: Ընդ որում, հինգն էլ հայտարարված ոչ աշխատանքային: Բա հիշատակի օրերի անվանո՞ւմը՝ մեռելոց: Իրոք, հզոր է:
Թերևս ոչ մի այլ ժողովուրդ այդքան եռանդ ու միջոցներ չի ծախսում թաղումների ու գերեզմանների վրա, որքան մերոնք: Եվ թերևս ոչ մի տեղ գերեզմաններն այդքան անճաշակ չեն, որքան մեզանում: Սպիտակի կործանիչ երկրաշարժից հետո, մարդիկ, իրենց տներն ու կյանքը վերականգնելու համար պետության կողմից տրված փողերը, ասում են, ծախսեցին գերեզմանների շինարարության վրա (չափազանցություն, որի մեջ ճշմարտության հատիկ կա): Եվ հիմա էլ շարունակում են ծախսել ու ծախսել: Ընտանեկան բյուջեի մի էական մասը գնում է գերեզմանոց: Ահավոր է: Այ մարդ, փող ունես, ծախսիր ծեր մորդ կյանքը մի քիչ բարելավելու կամ նման կենսական բաների վրա: Ի՞նչ կա էդ գերեզմանոցում:
Մեռյալների հզոր պաշտամունքը բնորոշ է հատկապես վաղնջական, արխաիկ, կոպիտ ասած՝ վայրի և հետամնաց ցեղերին: Մեռյալներից վախենում են, նրանց հարգում, մահվան աստծուն՝ խորապես պաշտում: Մեր երկրի հնագույն թագավորություններից Հայասայի գերագույն աստվածը, ի միջի այլոց, մահվան աստվածն էր (միջագետքյան գաղափարագրով՝ U.GUR): Այ մարդ, բա էսպես երկի՞ր կլինի: Պատմական ժամանակներում հայերը, նույնիսկ իրանական մեծ աստծու՝ իմաստուն Արամազդի պաշտամունքը փոխառելով, նրան վերագրեցին մահվան աստծու հատկանիշներ՝ արքաներին Արամազդի պաշտամունքի կենտրոն Անի ամրոցում էին թաղում: Մի ժողովուրդ, որի գերագույն աստվածը մահվան աստվածն է եղել, ո՞ւր կհասնի: Եվ հասնում ենք, ու շարունակում ենք ավելի ու ավելի հասնել: Համեմատության համար ասենք, որ հնդեվրոպական շատ ժողովուրդների՝ հույների, հռոմեացիների, ռուսների ու հնդիկների գերագույն աստվածը ամպրոպի աստվածն էր:
Լավ, վաղնջական, վայրի պաշտամունք և այլն: Հետո ի՞նչ: Ուրեմն, հայերը սիրո՞ւմ են մահը: Ոչ բարեկամներս, չեն սիրում, ինչպես և չեն սիրում ոչ մի այլ բան աշխարհում, այլ, ինչպես վայել է հային, պաշտում են ու հարգում: Ավելի ճիշտ՝ հարգըմ, ինչպես հորը: Վախենում նրանից, ինչպես խիստ հորից: Հայտնի բան է, ինչպես դու ես վերաբերում քո աստծուն, այնպես էլ նա է քեզ վերաբերվում: Ուրեմն, նա էլ մեզ է հարգում: Բայց պոետն ասում է, որ նա, ախր, սիրահարվել է մեզ: Նրան, հավանաբար, հենց ինքը՝ մահն է դա ասել: Այնպես ենք պաշտել, այնպես տեխնիկապես ճիշտ գրավել նրա սիրտը, որ նա էլ սիրահարվել է մեզ:
Մի կողմից կարծես թե լավ է՝ կա գոնե մեկը, որը սիրում է մեզ: Ուրեմն, մի արժեք ունենք, չէ՞, գոնե մահվան համար: Հնարավոր է, որ մահվան աշխարհում նրա տիրակալը հայերին լավ է նայում: Բայց այս աշխարհում ահավոր բան է, որ մեկը, որին չես սիրում, չես համակրում, որից վախենում ես, սիրահարվում է քեզ: Մանավանդ, որ հեչ սիրելու բան չի՝ ասենք ջահել սիրուն աղջիկ, կամ ոչ այնքան ջահել, բայց հոգատար մի տիկին, իսկ եթե ինքդ կին ես՝ մի հարմար արքայազն, միլիոնատեր կամ սերիալի դերասան: Այլ, այլևայլ պատկերացումների համաձայն՝ գերանդիավոր մի կմախք, սփրթնած պառավ կամ նման մի այլանդակություն: Կարելի՞ է պրծնել կամ խուսափել նման սիրուց, որի համար է կարծես ասվել Բերնարդ Շոուի խոսքը դժոխային հաստատակամության վերաբերյալ… Անփորձ մարդը՝ երբեք, իսկ փորձվածը՝ այո:
Հայտնի բան է, եթե քեզ սիրահարվել է շատ հզոր մեկը, դու անզեն ես նրա դեմ: Էժեն Սկրիբի «Մի բաժակ ջուր» թատերախաղի հերոսը, երիտասարդ մի սպա, պատմում է իր ազգական, փիլիսոփա և պետական գործիչ լորդ Բոլինգբրոկին (XVIII դ. պատմական կերպար), որ ինքը կորած է, քանի որ սիրում է սովորական մի աղջկա, մինչդեռ իրեն սիրահարված է մի շատ բարձրաստիճան տիկին: «Ավա՜ղ, դու կորած ես», ահա Բոլինգբրոկի պատասխանը: «Բայց իրականությունն ավելի դաժան է: Ինձ սիրահարված է մեկ այլ, գուցե ավելի հզոր մի իշխանուհի»: «Դու փրկված ես», գոչում է լորդը: «Քաղաքականությունից հայտնի է, որ եթե մի մեծ պետություն ուզում է կուլ տալ որևէ փոքրի, ապա վերջինս կորած է: Բայց եթե մեկ այլ հզոր պետություն նույնպես ուզում է կուլ տալ այդ փոքրին, նա փրկված է»: Ահա, ուրեմն, լուծումը:
Լորդ Բոլինգբրոկի պատասխանը կարծես հայտնի է հայերին: Եթե մեզ ուզում են ուտել թուրքերը, այնպես անենք, որ մեզ ուզենա ուտել նաև մի ուրիշը, ոչ պակաս ուժեղ մեկը: Տեսեք, ռուսները գրավեցին հայոց որոշ պատմական տարածքներ, որոնց վրա էլ ի վերջո հնարավոր եղավ նոր հայկական պետություն կերտել: Եվ հայերը ձգտում են դուր գալ ռուսներին, հետո նաև՝ ամերիկացիներին, ֆրանսիացիներին, որոնք հզոր են, և ուզում են այնպես անել, որ նրանք ուզենան մեզ կուլ տալ: Այո, ծառայենք նրանց անձնվիրաբար, և նրանք հանկարծ կարող է մեզ հանեն թուրքի երախից ու իրենք կուլ տան: Եվ ծառայել ու ծառայում են անձնվիրաբար: «Ո՞րտեղ են ձեր կեղտոտ կրկնակոշիկները: Օ՜, մի անհանգստացեք, մենք կմաքրենք»: Այդ է մեր հնարավորությունը: Բայց դուր քծնելով և ստորանալու աստիճան ծառայելով քեզ չես սիրահարեցնի: Դա բոլորովին այլ մոտեցումներ է պահանջում:
Ի՞նչը կարող է լինել «մահվան պես հզոր»: Մոպասանի գրքի այդ վերնագրի պատասխանը հայտնի է ամեն մի ֆրանսիացու: Իհարկե, սերը: «Սիրո առջև անզոր են սարսափը և մահվան խավարը» (Հենրիկ Իբսեն): Բայց կարո՞ղ է հայը սիրել: Եթե ոչ, ուրեմն պետք է սիրահարեցնել: Սիրելը ներքին ունակություն է, սիրահարեցնելը՝ տեխնիկայի հարց: Պետք է գտնել իրոք մահվան պես հզոր մեկին ու սիրահարեցնել նրան: Դե նա էլ, եթե ճիշտ ես կազմակերպում սիրահարեցման գործընթացը, կսիրի քեզ, և հարցը լուծված է: Եվ ավելի հեշտ է դա անել առանց սիրելու, քան սիրելով: Հիշենք, թե ինչպես ենք սիրահարեցրել մահին:
Փորձի և վարպետության խնդիր է: Քեզ սիրողներն իրար կգզեն, իսկ դու կապրես… Միայն կյանքն է մահվան պես հզոր: Կա լուծում՝ սիրահարեցնել նրան քեզ, և մահը կնահանջի: Նայելով մեր պատմությանը, տեսնում ենք, որ անմահ է նաև Հայաստանը. նրան սիրահարեցրեք ձեզ, և նա կհաղթի:
***
Հրեաները նույնպես դաժան ճակատագիր են ունեցել, բայց նայում ես, թերևս աշխարհի ամենակենսասեր ժողովուրդն են: Մոտիկ օրինակ՝ նույնը և վրացիները, որոնց կենսուրախությունը հանրահայտ է: Բայց կարո՞ղ է արդյոք հայը փոխել իր վերաբերմունքը մահվան նկատմամբ, իր ողջ ունեցածն ու կուտակածը չծախսել գերեզմանաշինության ու մեռելապաշտության վրա: Եթե մի նոր կառավարություն որոշի չեղյալ հայտարարել պետական-պաշտոնական մեռելոցները, եթե կանոնակարգվեն գերեզմանոցների շինարարական բիզնեսները, եթե պետականորեն արգելվեն, ասենք, հսկայական խաչքարերի ու մահարձանների կառուցումը, ԱՄՆ նախագահների գերեզմաններից ավելի ճոխ գերեզմանները, քելեխամոլությունը բերվի նորմալ դաշտ, եթե…
Եթե կա մահվան բիզնես, ուրեմն կան և նրա տերերը և հովանավորները, որոնք դեմ կլինեն: Իսկ եկեղեցի՞ն: Չէ՞ որ ամեն մի մահ, թաղում և հոգեհանգիստ եկամուտ է բերում հոգևոր հայրերին: Եվ, ի վերջո, հայը փոխի՞ իր հազարամյա վերաբերմունքը աշխարհի դրվածքի վերաբերյալ…
Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ