Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Շրջանառության հարկն անիմաստ հարկատեսակ է»

Հոկտեմբեր 31,2014 14:11

«Փոքր եւ միջին բիզնեսը տնտեսության շարժիչ ուժն է, եւ արեւմտյան երկրների մեծ մասում ՓՄՁ-ներին վերաբերում են որպես «կուռքի», մշտապես նրանց աջակցող ծրագրեր են իրականացնում, ինչը չի արվում Հայաստանում»,- այսօր «Անալիտիկ» կենտրոնում անդրադառնալով Հայաստանում ՓՄՁ խնդիրներին՝ նշեց Քաղաքական գիտությունների հայաստանյան ասոցիացիայի անդամ, տնտեսագետ Մհեր Փարվանյանը:

Բանախոսը նաեւ մեկնաբանեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունները եւ նշեց, որ փաստաթղթավորումը ՓՄՁ-ների համար անհրաժեշտ է. «Փաստաթղթերը, իհարկե, որոշակի ռիսկերից ապահովում են: Սակայն կառավարությունը հայտարարում է, որ փաստաթղթավորումը մեծ բիզնեսին ստվերից հանելու նպատակ ունի, իսկ այս պարագայում փոքր եւ միջին բիզնեսը դառնում է գործիք, ոչ թե տնտեսության շարժիչ ուժ»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, տնտեսական գիտությունների թեկնածու Եղիշե Սողոմոնյանն էլ ներկայացրեց իր առաջարկները, թե ինչպես կարելի է Հայաստանում զարգացնել ՓՄՁ դաշտը եւ նշեց, որ երկրում ՓՄՁ դաշտի զարգացման համար չկա պետական աջակցություն, ծրագրեր չեն իրականացվում. «Չկան արտոնյալ վարկավորումներ, որոնք կազատեին ՓՄՁ-ներին հարկերից: Պետությունը նաեւ կարող է մի քաղաքականություն մշակել, որով հնարավոր կլինի ներմուծվող ապրանքները փոխարինել տեղական արտադրանքով՝ այս կերպ խթանելով ՓՄՁ-ների աշխատանքը»: Բանախոսը նաեւ առաջարկում է, որպեսզի պետության տնտեսական համակարգում կիրառեն ոչ թե կարճաժամկետ ծրագրեր, այլ երկարաժամկետ աջակցման եւ ֆինանսավորման ծրագրեր:

Եղիշե Սողոմոնյանի կարծիքով՝ «շրջանառության հարկը անիմաստ հարկատեսակ է», քանի որ, ըստ նրա, մինչեւ շրջանառության հարկը կիրառելը շահութահարկերի մասին օրենքով ՓՄՁ-ները ավելացված արժեքի հարկ չէին վճարում եւ վճարում էին միայն շահութահարկ ու այդ դեպքում փաստաթղթավորման բոլոր խնդիրները լուծվում էին:
Բանախոսները նաեւ մեկնաբանեցին, թե ինչ արտոնություններ կստեղծվեն Հայաստանում ՓՄՁ-ների համար ԵՏՄ անդամակցությունից հետո: Ըստ Մհեր Փարվանյանի՝ ԵՏՄ-ն նախատեսում է հարկման միասնական սկզբունքների մշակում եւ կիրառում եւ որ հարկային ոլորտում կլինեն դրական փոփոխություններ, քանի որ կազմակերպությունները համարվելու են ռեզիդենտներ ԵՏՄ տարածքում:

Եղիշե Սողոմոնյանի խոսքով էլ՝ մինչ անդամակցության փաստաթուղթը ստորագրելը, անհրաժեշտ էր ստեղծել մի խումբ, որը քննարկումներ կիրականացներ ՓՄՁ ներկայացուցիչների հետ, կհաշվարկեր առավելություններն ու թերությունները, հետո կստորագրեր փաստաթուղթը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031