«Սկսած սեպտեմբեր ամսից Օրինաց երկիր կուսակցությունը հանդիպումներ նախաձեռնեց Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ հիմքում դնելով առաջարկ՝ ստեղծել աշխատանքային խումբ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, որպեսզի այն ձեռնամուխ լինի ընտրական օրենսգրքի փոփոխություններին»,- այսօր՝ հոկտեմբերի 31-ին, «Հենարան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նա նշեց, որ այդ հանդիպումների արդյունքում ներկայացվել է աշխատանքային խումբ ստեղծելու որոշում: Աշխատանքային խումբն իր առաջին նիստը գումարելու է երկուշաբթի՝ նոյեմբերի 3-ին: Աշխատանքային խմբի նպատակն է բարեփոխված այնպիսի օրենսգիրք ունենալ, որպեսզի արդար եւ ժողովրդավար ընտրություններ տեղի ունենան: Նիստին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից մասնակցելու է Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» կուսակցությունից՝ Թեւան Պողոսյանը, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից սկզբնական տվյալներով՝ Արծվիկ Մինասյանը. «Հիմքում պետք է ընկած լինի հարյուր տոկոս համամասնական ընտրակարգը, այսինքն՝ այն քաղաքական ուժերը, որոնց համար սա սկզբունքային է, քննարկման ընթացքում արտահայտեցին իրենց կարծիքները, գնահատականները եւ առաջարկությունները»:
Պարոն Մարգարյանն ասաց՝ աշխատանքային խմբի աշխատանքներին չեն մասնակցելու Հայ ազգային կոնգրեսը եւ Հանրապետական կուսակցությունը: Նրա խոսքերով ՀԱԿ-ը չի մասնակցելու, քանի որ նրանք շրջանառության մեջ ունեն օրենքի նախագիծ, որտեղ կա նաեւ հարյուր տոկոս համամասնականի հարցը. «Բոլոր քաղաքական ուժերը, որոնք պետք է մասնակցեն, ունեն նման նախագծեր, մենք էլ ունեինք շրջանառության մեջ նման նախագիծ: Մեր կարծիքն է, որ բոլորս միասին պետք է ձեռնամուխ լինենք այս աշխատանքին, բոլորս ներկայացնենք մեր մոտեցումները, նաեւ փորձագետներին ընդգրկենք այս աշխատանքներին, նաեւ ներգրավենք արտախորհրդարանական կուսակցություններին եւ միջազգային կազմակերպությունների համապատասխան ներկայացուցիչներին: Այսինքն՝ իրականում մենք կստանանք մի փաստաթուղթ, որի հիմքում պետք է ընկած լինեն մի քանի կարեւոր սկզբունքներ»:
Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ԱԺ ոչ իշխանական եռյակն է դիմել իրենց, որպեսզի Ազգային ժողովին ներկայացնեն նախագիծ եւ նրա որոշմամբ ձեւավորվի աշխատանքային խումբը. «Սակայն եռյակը հասկանալով, որ ձգձգվում է գործընթացը, առաջարկեց միանալ «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությանը: Մենք տղամարդկային պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ աշխատանքային խումբը պետք է ստեղծվի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ