Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2015-ի բյուջեի նախագծի սոցիալական հատվածի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը մի քանի հարց ձեւակերպեց եւ ուղղեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Հարցերը վերաբերում էին հիմնականում տնտեսական ցուցանիշներին՝ գործազրկություն, տրանսֆերտների նվազման ֆոնի վրա գնաճային ճնշումներ, գյուղացիական տնտեսություններին աջակցություն եւ այլն:
Այս հարցերը բարկացրեցին հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին: Նա հորդորեց այդ հարցերն ուղղել ճիշտ տեղում եւ ճիշտ պաշտոնյայի. «Սա բյուջեի քննարկում է»:
Միքայել Մելքումյանը հակադարձեց, թե մեթոդական օգնությո՞ւն եք ցույց տալիս նախարարին: Հակոբ Հակոբյանի խոսքերով՝ «Դուք հարցնում եք գնաճի գաղափարից, թե ինչ ճնշումներ կան: Այս նախարարը դրա հետ իրապես կապ չունի: Մեզ մոտ ոլորտները բաժանված են՝ սոցիալական ապահովություն, էկոնոմիկայի նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն: Ձեր հարցերը կարգավորեք ու միայն ուղղեք սոցիալական ոլորտում»:
Կարդացեք նաև
Միքայել Մելքումյանը հորդորեց ՀՀԿ-ականին կուրծք չծեծել. «Խնդրում եմ այդպես կուրծք ծեծելով շատ ոգեւորված բան չանեք այդ առումով: Այդ հարցերը բխում են նախարարի խոսքերից»:
Հակոբ Հակոբյանն ափերից դուրս եկավ ու վիրավորեց. «Խնդրում եմ ձեր չեղած գիտելիքները գոնե ցույց մի տվեք հանրությանը»:
Միքայել Մելքումյանը պատասխանեց նույն սկզբունքով, թե «Դուք էլ ձեր գիտելիքները ցույց մի տվեք եւ պետք չի տենց շատ ոգեւորվեք: Սոցապնախարարը կառավարության անդամ է: Նա պետք է գնաճային ճնշումներից տեղյակ լինի, ինչպես մենք եւ դուք»:
Ավելի ուշ Aravot.am-ը Միքայել Մելքումյանին հարցրեց՝ արդեն որերորդ անգամ է, Ձեզ հարց չեն թողնում տաք: Նախորդ քննարկման ժամանակ էլ նման ընդհարում ունեցաք ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ, սա Ձեր դեմ հատուկ ակցիա՞ է, ինչպե՞ս եք վերաբերվում՝ Միքայել Մելքումյանը, ի պատասխան, սկսեց լայն ժպտալ. «Չէ՜, ի՞նչ կա առողջ բանավեճեր են, թող լինի: Ծանր չեմ տանում, ինչի՞ համար, այ քեզ բա՜ն: Հակառակը, շատ լավ եմ տանում»:
Մեր դիտարկմանը, որ վիրավորական արտահայտություն հնչեց, որ Ձեր գիտելիքներն այստեղ ցույց մի տվեք՝ պատգամավորը սկսեց ծիծաղել. «Ի՞նչ անենք, ոչինչ, ի՞նչ խնդիր կա, մենք լավ բարեկամներ ենք: Դա նորմալ երեւույթ է: Սա խորհրդարանական բանավեճ է, մենք ընկերներ ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ