Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարն ի՞նչ է անում, որ ե՛ւ հղիները գոհ մնան, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը

Հոկտեմբեր 31,2014 12:13

Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի նախագծին:

Նա վստահեցրեց, որ իրենք որեւէ հայտարարություն չեն արել, որից հրաժարվելու խնդիր լինի. «Մենք ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք ենթակա են լուծման: Ներկայացված նախագիծը առաջարկություն էր մեր կողմից՝ խնդիրների լուծման համար: Այդ մտահոգությունը մենք բոլորս ունենք, որ իսկապես աշխատող հղի կինը, որը եկամուտ է ստանում, այդ առումով չունենա որեւէ կերպ իրավունքի ոտնահարում: Այն խնդիրներն ու ռիսկերը, որոնք կան, մենք բոլորս ընդունում ենք, որ դրանք կան, շուտով դրանց լուծման համար համապատասխան մեխանիզմներ կմշակվեն, որոնք թույլ կտան ամբողջական խնդիրները լուծել: 2-3 օրվա ընթացքում նոր փոփոխություններով նախագիծը կներկայացվի հանձնաժողովի քննարկմանը եւ բոլոր հարցերին կունենանք պատասխաններ»:

Հարցին՝ եթե երկարամյա աշխատող հղի կինը ստանում էր իր 100 տոկոս աշխատավարձը, հիմա նույն ձեւ կստանա՞, ասացիք չի ոտնահարվի, դա նշանակում է, որ կստանա 100 տոկոսը՝ նախարարը պատասխանեց. «Այդ տրամաբանության հետ կարող եմ համաձայնվել»:

Մեր դիտարկմանը, որ կառավարության նիստից այնպիսի տպավորություն էր, որ վարչապետը մեղքը գցում է Ձեզ վրա՝ նախարարը պատասխանեց. «Շատ սխալ տպավորություն է, որովհետեւ այստեղ մեղք գցելու որեւէ խնդիր չկա: ՀՀ վարչապետը ներկայացրեց իր հստակ մոտեցումը խնդրի հետ կապված: Քննարկումներ են այս ընթացքում տեղի ունեցել, որը ենթադրում է արդեն լուծումներ, որն արտահայտվելու է օրենքի նախագծում»:

Հարցին՝ կարո՞ղ եք այնպես անել, որ վերջնական արդյունքում ե՛ւ վարչապետը գոհ մնա, ե՛ւ հղի կանայք՝ Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ այնպես կանեն, որ բոլոր անձինք, ովքեր շահագրգռվածություն ունեն այդ խնդրի հանգուցալուծման համար, բավարարված լինեն լուծումներով. «Կարծում եմ, որ ՀՀ վարչապետը, իր մոտեցումները հստակ ներկայացնելով՝ առաջին հերթին նկատի ունի այն շահառուներին, ում խնդրի լուծման ուղղությամբ էլ տարվում են կառավարության աշխատանքները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031