«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հետհանրահավաքային հարցազրույց է տվել, որտեղ ի թիվս հոկտեմբերի 10 և 24-ի հանրահավաքների, նաև դրանից հետո ստեղծված իրողությունների ու երկրում առկա խնդիրների, խոսել է նաև մոնոպոլիաների վերացման անհրաժեշտության մասին:
Նա հայտարարել է, որ մոնոպոլիաներ չպետք է լինեն: Անվիճելի է, ոչ մի խոսք, մոնոպոլիաները քայքայել են Հայաստանն ու շարունակում են քայքայել: Սակայն մոնոպոլիա չլինելու մասին խոսում է մի գործիչ, որն ինքը այս պահին օգտվում է, ըստ էության, մոնոպոլ դիրքերից:
Գագիկ Ծառուկյանը նման դիրքեր է ստացել խաղատնային բիզնեսի ոլորտում: Այս դիրքերը հայաստանյան չեն, այսինքն` նրա մոնոպոլիան ողջ Հայաստանի տարածքով չէ, այլ ընդամենը Երևանի, սակայն եթե նկատի առնենք, որ Հայաստանում հատուկ օրենքով խաղատնային բիզնեսը Երևանի մերձակայքում արգելվում է, և նման բիզնես հնարավոր է ծավալել միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում՝ որոնցից Երևանին ամենամոտը Ծաղկաձորն է, գրեթե 45 րոպեի ճանապարհ հեռավորությամբ, ապա Երևանում ունեցած մոնոպոլիան էլ բավական հարմարավետ դիրքեր է ապահովում:
Նշված օրենքում վերապահում կա, որ մինչև 150 միլիոն դոլար ներդրումների դեպքում իրավունք կա Երևանի մերձակայքում խաղատնային բիզնես կազմակերպել: Իսկ նման չափանիշների համապատասխանում է միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատունը, որը գտնվում է Երևանի հյուսիսային մասում: Երբ օրենքն ընդունվում էր, իսկ ԲՀԿ-ն այդ ժամանակ կոալիցիայում էր, ուրիշ որևէ նման խաղատուն չկար, և ակնհայտ է, որ վերապահումը արվել է հենց Ծառուկյանին պատկանող խաղատունը չտեղափոխելու համար:
Արդյունքում, Երևանի մերձակայքում բոլոր խաղատները փակվեցին, և մնաց միայն ԲՀԿ առաջնորդինը: Սակայն Գագիկ Ծառուկյանը, չգիտես ինչու, որևէ կերպ չփորձեց անհամաձայնություն հայտնել իր մոնոպոլ դիրքի կապակցությամբ, որևէ կերպ չփորձեց բարձրաձայնել, որ նման կերպ արդար չէ, որ արդարությունը պահանջում է կամ բոլոր խաղատները փակել, կամ գործելու հավասար իրավունքներ ապահովել:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում