Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ է ազատությունը հայտնվել լուսանցքում

Հոկտեմբեր 31,2014 10:14

Երեկ քաղբանտարկյալների օրն էր: Այդ օրն առաջին անգամ նշվել է 1974 թվականին՝ մորդովյան եւ պերմյան ճամբարներում գտնվող այլախոհների կողմից, որոնք որոշել էին մոմավառությամբ հարգել բռնաճնշումների բոլոր անմեղ զոհերի հիշատակը: 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին այդ խնդիրների մասին շատ էր խոսվում, հետո հանրային հետաքրքրությունը մարեց: Մարդիկ սկսեցին ապրել իրենց սոցիալական «դարդերով», եւ կարծես թե հանուն ազատության պայքարը թե՛ անցյալի եւ թե՛ ներկայի կտրվածքով շատ քչերին է հետաքրքրում:

Ինձ շարունակում է հետաքրքրել՝ չնայած ոչ ես, ոչ էլ իմ մերձավոր շրջապատը այլախոհ չենք եղել: Բայց ինձ թվում է, որ 80-ականների երկրորդ կեսի համեմատական ազատությունների պայմաններում առաջացած շարժումները թե Հայաստանում, թե մնացած խորհրդային հանրապետություններում եւ թե Արեւելյան Եվրոպայում ինչ-որ չափով կապված էին այլախոհության հետ, որովհետեւ դրանց մեջ կար ազնվություն, ժողովրդավարական, ազատական արժեքների, ազգային ինքնիշխանության հանդեպ անկեղծ ձգտում՝ այն, ինչ հիմա հայտնվել է քաղաքական «լուսանցքում»: Գրում եմ այդ բառը առանց որեւէ հեգնանքի, որովհետեւ քաղաքական mainstream-ը իսկապես պետք է հույս դնի մի կողմից՝ Կրեմլի բարեհաճության, իսկ մյուս կողմից՝ «լավ թագավորի» եւ «բարեգործի» երազանքով ապրող մեծամասնության վրա: Դա թեեւ ցավալի, բայց քաղաքական իրողություն է:

Որպեսզի հասարակությունը կրկին վերադառնա 80-ականների երկրորդ կեսի շարժումների արժեքներին, որպեսզի դրանց գաղափարները դադարեն լուսանցքային լինելուց, պետք է թերեւս հասկանալ, թե երբ եւ ինչպես ենք մենք դրանք կորցրել: Այստեղ բազմաթիվ վարկածներ կան, որոնք, բնականաբար, մեկ համակարգչային էջում հնարավոր չէ շարադրել: Ոմանք ասում են, որ 90-91 թվականներին, թողնելով, որ նախկին կոմունիստները գան նոր Հայաստանի պետական համակարգ, «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն չպահանջեց, որ նրանք ապաշխարեն, եւ չպնդեց գնահատական տալ նախորդ՝ խորհրդային համակարգին: Կամաց-կամաց՝ 94-95 թվականներից սկսած, հենց այդ մարդիկ ձեռք բերեցին որոշիչ ազդեցություն, եւ երկիրը հիմնականում վերադարձավ իրենց՝ նախկին կոմունիստներին ծանոթ, թեեւ փոքր-ինչ ձեւափոխված կառավարմանը:
Ոմանք էլ ասում են, որ կոմունիստական Պոլիտբյուրոյի անդամ Ելցինը նույն 80-ականների կեսերին կտրեց իր կապերն անցյալի հետ, իսկ ՊԱԿ-ի աշխատակից Պուտինը պահպանեց եւ ամրացրեց այդ կապերը՝ կրկին արթնացնելով իր ժողովրդի մեջ կայսերական հավակնությունները: Դե, իսկ եթե Մոսկվայում փռշտոմ են, Հայաստանում համաճարակ է սկսվում:

Այդ ամենի մեջ, իհարկե, ռացիոնալ հատիկ կա: Բայց, թերեւս, հիմնական պատճառներից մեկը ժողովրդի մեծ մասի ընչազրկությունն է, որի պայմաններում՝ բացի «բարեգործություններից», նա այլեւս ոչ մի բան չի սպասում եւ ոչ մի բանի չի ձգտում: 80-ականների երկրորդ կեսին հանուն ազատության պայքարում էին կուշտ մարդիկ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, ինձ թվում է որ այդ «ազատությունը» (չգիտեմ եթե նույն ազատության մասին ենք գրում) թերեվս միշտ էլ լուսանցքում է եղել ու չկա նույնիսկ «ազատ աշխարհ» Ամերիկայում: Միայն իրական ազնիվ «խելառների» համար էր այն լուսանցքից» դուրս…մարդիկ ապրում են հիմնականում հագուրդ տալով իրենց կենսկան կարիքներին …ընտանիք, երեխաներ…:
    «Լրագիր» պարբերականում Արա Հարությունյանը հետաքրքիր վերլուծություն էր արել թե ինչպես գողական-հրեականները իշխանության եկան Հայաստանում: Ինձ թվում է որ ողջ այն իշխանության էր եկել ողջ Խորհրդային երկրում դեռ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լենինի ու Ստալինի թեթեվ ձեռքով…նրանց կերտած պրոլետարական դիկտատուրայի ՎԱԽԸ մարկանց մեջ սպանեց ազնվությունը, գողականն ու քրեականը կամաց կամաց սերտաճեց իշխանության հետ…
    Լեվոն Ներսիսյանը հաճախ դասախոսությունների ժամանակ կրկնում էր որ «էս ձեր Սոցիալիզմն ու կոմունիզմը ուտոպիա է»…գողերն ու շիտակ կոմունիստները դա շուտ էին հասկացել…ազնիվ մարդկանց մաքրեցին երէսունականներին եվ հետո դա դարձավ տրադիցիա…մարդիկ էլ դարձան զոմբիներ…երբեմն հիշում եմ Բելոռուսյան կայարան ֆիլմից Պապանովի կերտած հերոսի խոսքերը պատերազմում բանակի կյանքի քաղցր հուշերը…ազատությունը..«կանգնած տս շարքում ,մտածում ես ինչ որ …եվ երջանիկ ես…իսկ այնտեղ վերեվում գիտեն թե ինչ պիտի անես…» իմ սիրելի ֆիլմերից մեկն է…ՄԱՐԴԻԿ ԴԵՌ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ ՈՒ ՀԱՍԿԱՑԵԼ…իսկ գողերն ու քրեականները գիտեն թե որտեղ է այն թաքնված…

  2. Գալուստ Ենոքյան says:

    Կներեք վերեվում սխալ էմ արել « ինչպես գողական-հրեականները իշխանության» պիտի լինի գողական-քրեական, ես հույսով եմ որ դեռ քսենոֆոբիայով չեմ տառապում…

  3. Գալուստ Ենոքյան says:

    Կուզեի մի փոքր ավելացում, ինչ որ ժամանակից սկսած մեր Երեվանյան «բարբառում» սկսել էր գերիշխել գողական «ժարգոնը»: Ամոթ էր խոսել գրական հայերենով, կասեին «հարիֆ» էս: Նույնիսկ կանանց մի տեսակ կար (գուցե հիմա էլ կա) որ էդ ժարգոնով էր խոսում…դե սկսած խորհդային տարիներից «հարիֆ» լինելը մեծ ՄԵՂՔ էր…

  4. Լավատես says:

    Եթե մարդու նյութական պահանջմունքներն ապահովված են, նա սկսում է մտածել արդեն հոգեւոր պահանջմունքների ապահովման մասին, որոնցից են քաղաքական պահանջները: Այդ պատճառով էլ քաղաքական հարցեր կարող են լուծել միայն կուշտ մարդիկ, իսկ սովածներից քաղաքացի դուրս չի գա, նրանց շատ հեշտ է, ասենք, ընտրակաշառքով ենթարկեցնել: Կարծում եմ, դա է պատճառը, որ ժողովրդի կենսամակարդակը հատուկ ցածր են պահում: Դրա համար պետք է միավորել դրսի ու ներսի կուշտ հայությանը՝ սոված համագյուղացիների համաքաղաքացիների խնդիրները քաղաքական, տնտեսական եւ այլ ճանապարհով լուծելու համար: Պատասխանատվություն զգալով մերձավորի հանդեպ, մենք միաժամանակ սկսում ենք ավելի մեծ հնարավորույուններ ստեղծել ինքներս մեզ համար:

    • Լավատես says:

      Նույն տրամաբանությամբ, մեր պետական պաշտոնյաների մեջ էլ կան լիքը սովածներ, որոնք պետական մտածողություն իսպառ չունեն՝ նյութական աթոռական դարդերով են տառապում եւ կան կուշտ մարդիկ, որոնց էլ պետք է հայտնաբերել ու սատար կանգնել։ Նույնն էլ մնացած քաղաքական ուժերում է։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031