Ամբողջական իշխանափոխությունը տեղը զիջում է
արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջին
«Արտահերթ նախագահական ընտրությունների պահանջ դեռ Րաֆֆի Հովհաննիսյանն էր դրել, բայց տեսանք, որ ոչինչ էլ չեղավ: Մինչ այդ ասում էին՝ ամբողջական իշխանափոխություն, հիմա` արտահերթ խորհրդարանական… Իրենք չունեն վերջնական, միասնական գործողությունների պլան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով եռյակի առաջ քաշած նոր` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեզին: Մի կողմ թողնելով այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար քաղաքական նախապայման չկա, մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում հարցի իրավական կողմին. «Ընտրությունները մեր երկրում պատվերով համերգ չեն, որ ով երբ ցանկանա` անի: Կա Սահմանադրություն, որը հստակ սահմանում է մեխանիզմները: Եթե մի քանի քաղաքական ուժերի կամ անձանց ամբիցիաները բավարարելու համար իրենք կարծում են, որ պառլամենտը պետք է մի քանի ամիս չաշխատի, պետությունն ու հասարակությունն անտարբերության մատնվեն` պարզապես ծիծաղելի է»:
«Եռյակի քաղաքական օրակարգի անկյունաքարը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարություն է արել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ դա թույլ կտա խուսափել անձնավորված պայքարից եւ մայդաններից: Ընդ որում, ԲՀԿ պատգամավորը ընդգծում է՝ իրենք կգնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե իշխանությունները հրաժարվեն կատարել իրենց բոլոր պահանջները, իսկ դրանք հետեւյալն են՝ հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից, կատարել 12 պահանջները եւ բարեփոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվելով մեծամասնական ընտրակարգից: «Առավոտի» հարցին` իսկ ո՞ւր մնաց ամբողջական իշխանափոխությունը, որի պահանջի հեռանկարով արդեն ամիսներ շարունակ եռյակի անդամ կուսակցությունները «սնում» են հանրությանը, Միքայել Մելքումյանն ասաց, որ ռազմավարական եւ մարտավարական խնդիրները պետք չէ խառնել: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը եռյակի մարտավարական խնդիրների առաջին շարքում է: Պայքարի կիզակետը, ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով, կարող է լինել սահմանադրական հանրաքվեն, որը մինչեւ 2017-ի խորհրդարանական ընտրությունները կլինի: Փաստորեն, արտահերթ ընտրություններ ասելով՝ եռյակի ուժերը նկատի ունեն իշխանության հետ կոնսենսուսը` խորհրդարանի լիազորությունների ավարտին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ սահմանադրական հանրաքվե: Հայտնի ասացվածքի պես է ստացվում. «Եվ գայլերը կուշտ կլինեն, եւ ոչխարները՝ անվնաս»: Բացի այն, որ խորհրդարանական ընտրություններ անել դեռ չի նշանակում երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնել, նույնիսկ չի երաշխավորում եռյակի ուժերի ներկայություն խորհրդարանում: Միքայել Մելքումյանն այս հանգամանքը պայմանավորում է նրանով, թե ընտրակարգը միայն համամասնակա՞նն է լինելու, թե՞ մեծամասնականն էլ մնալու է: Ի հեճուկս շատերի՝ մեր զրուցակիցը նաեւ լավատես է եւ ընդհանուր առմամբ կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում եռյակի բոլոր ուժերն էլ կրկին խորհրդարանում կլինեն, բայց նաեւ նկատում է, որ աշխարհը շատ արագ է փոխվում, իրադարձություններն էլ արագ են զարգանում, եւ միանշանակ ինչ-որ բան պնդելը ճիշտ չէ:
Էդուարդ Շարմազանովը զգուշացնում է` եթե ընդդիմադիրները կարծում են, որ իշխանության հետ կարելի է շանտաժի լեզվով խոսել` «կամ մեզ լավ չեն ճանաչում, կամ քաղաքական գործընթացներին ծանոթ չեն»: Նա նաեւ նկատում է, որ եթե եռյակի տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Հայաստանը մշտապես կլինի ընտրական գործընթացների հորձանուտում, քանզի միշտ էլ կլինեն քաղաքական ուժեր, որոնց արդարացի կամ` ոչ, օբյեկտիվ կամ` ոչ, միշտ էլ ինչ-որ մի բան դուր չի գա քաղաքական ներկապնակում: Ըստ նրա՝ խորհրդարանական ընդդիմությունը չի կիրառում իր քաղաքական գործիքները: Նկատի ունի, որ խորհրդարանում ընթացող բյուջետային քննարկումներին մեկ-երկու ընդդիմադիր է մասնակցում, այն էլ հիմնականում նրանք, ովքեր «հարթակից դուրս» են:
Կարդացեք նաև
Էդուարդ Շարմազանովը չի տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավակնող ուժերի այլընտրանքային բյուջեն: «Եռյակը հարաբերական է, որքան որ հարաբերական էր նախկին քառյակը: Այդ ուժերը որքան էլ որ նույն հարթակում կանգնում են, տարբեր քաղաքական ուժեր են, եւ հենց հանրահավաքները ցույց են տալիս, որ ունեն տարբեր գաղափարախոսություններ, արտաքին ու ներքին քաղաքական զարգացումների վերաբերյալ տարբեր մոտեցումներ: Եթե հռետորներից մեկը պահանջում է նստացույց, մյուսն ասում է` նստացույց չկա: Հռետորներից մեկը կամ երկուսը Եվրասիական միության ջատագով են, մյուսն, իրենց ձեւակերպմամբ, ջղաձգվում է դրանից: Զուտ քաղաքացու աչքերով էլ եթե նայեմ, մի քիչ շիլաշփոթ վիճակ է:
Ես դրան շատ ավելի լուրջ կվերաբերվեմ, եթե տակը գաղափար տեսնեմ: Բայց ոչ գաղափար, ոչ գաղափարախոսություն, ոչ էլ միասնական ճանապարհային քարտեզ եմ տեսնում»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Էդուարդ Շարմազանովը բնավ էլ չի բացառում, որ մոտ ապագայում եռյակը դուետ դառնա կամ ընդհանրապես լուծարվի, քանզի առաջարկները տարբեր են, ու Ազատության հրապարակում հավաքվող հասարակության համար էլ դժվար է կողմնորոշվելը. «Չնայած քաղաքական թոշակառու առաջին նախագահն արտաքուստ առաջնությունը տալիս է հարթակում կանգնած մեկ այլ քաղաքական գործչի, բայց տպավորությունն այնպիսին է, որ նա անընդհատ ցանկանում է ցույց տալ, թե դիրիժորի փայտիկն իր ձեռքում է: «Ժառանգության» ղեկավարն էլ իր ամբիցիաներն է ցույց տալիս»: Նաեւ հիշեցնում է, որ բացառությամբ «Ժառանգության»՝ հարթակում կանգնած մյուս ուժերը եղել են իշխանություն. «Եթե երկիրն առաջնորդելու, զարգացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, տնտեսական աճ ապահովելու ձեւերը լավ գիտեին, թող անեին իրենց կառավարման շրջանում կամ կոալիցիայում եղած ժամանակ: Չէին անում, քանզի խոսելը միշտ ավելի հեշտ ու նախընտրելի է»:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքն ու հիմնավորումը չի տեսնում նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Նա նկատեց, որ Սահմանադրությամբ դրա համար նախատեսված որեւէ իրավիճակ չկա: Թե ինչ նպատակ ունի այդ հայտարարությունը՝ մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս ճշտել հայտարարողներից. «Վերջին հանրահավաքում եռյակը դրա մասին հրապարակային չխոսեց, անգամ չակնարկեց: Բայց չեմ կարծում, որ այսօր այն իրավիճակում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացնենք: Չեմ էլ ուզում անդրադառնալ՝ դա հերթական քաղաքական կամակորությո՞ւն է, հանրությանն ինչ-որ բան ասելու համա՞ր է, թե՞ ինչ: Ամեն դեպքում, սա նոր դրսեւորում է համարում, քանզի վերջին համապետական ընտրություններից հետո տարբեր անհատ անձանց հրաժարականի մասին կոչեր հնչել են, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսք չի եղել»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.10.2014