Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ եք, փորձագետներ

Հոկտեմբեր 31,2014 12:00

Այսօր Հայաստանում զգացվում է
ժամանակակից հասարակագիտական մտքի պակաս

Հայաստանի անկախության 23 տարում շատ բան փոխվել է դեպի լավը, ինչ-որ բաներ, իհարկե՝ դեպի վատը: Լավի ու վատի փոխհարաբերության հարցում, ինչպես եւ բազմաթիվ այլ հարցերում, իմ եւ հայ ժողովրդի կարծիքները չեն համընկնում: Օրինակ՝ ինձ շատ է ուրախացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը. մենք ունենք բազմաթիվ հրաշալի հիմնարկներ, հաճախ՝ արտասահմանյան կապիտալով, որտեղ աշխատում են օրինակելի երիտասարդներ:

Ցավոք, նույնը չեմ կարող ասել հասարակական եւ հումանիտար գիտությունների մասին, որոնք «սովետի» շրջանից դեռ ոչ մի քայլ առաջ չեն գնացել: Պատճառներից մեկն այն է, որ 1991 թվականին «ստարտային պայմանները» տարբեր էին: Խորհրդային Միությունը խնդիր ուներ զարգացնելու ֆիզիկան, աստղագիտությունը, ճշգրիտ գիտությունները, որոնք նախեւառաջ ծառայում էին ռազմական նպատակներին: Այդ երկիրն անհրաժեշտություն չուներ զարգացնելու հումանիտար գիտությունները՝ դրանք լավագույն դեպքում պետք է ծառայեին կուսակցության «իմաստուն» որոշումների արդարացմանը:

Բնականաբար, ամեն ինչ հարաբերական է. մենք ունեինք նաեւ հումանիտար ոլորտի փայլուն գիտնականներ՝ խոսքը այս կամ այն ճյուղի զարգացման միտումների մասին է:

Պատահական չէ, որ ոչ հումանիտար ոլորտի գիտնականներն իրենց հայացքներով ավելի առաջադեմ էին, քան հումանիտարները: Ակադեմիկոս Սախարովը ֆիզիկոս էր եւ, ինչպես հայտնի է, մեծ ծառայություններ էր մատուցել «Սովետին»: «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեծ մասը ֆիզիկոսներ եւ մաթեմատիկոսներ էին: Ղարաբաղյան շարժման մի քանի տասնյակ ակտիվիստներ աշխատում էին «Մերգելյան ինստիտուտում», որը սպասարկում էր խորհրդային ռազմարդյունաբերության շահերը: Լեզվի կամ գրականության ինստիտուտում այս քանակությամբ ակտիվիստներ չէին կարող հայտնվել:

Իհարկե, խորհրդային ղեկավարների խելացի մասը զգում էր գիտական համապատասխան բնագավառների տկարությունը: Մի շատ վստահելի աղբյուր պատմում է, որ 70-ականների վերջին Կարեն Դեմիրճյանն իր անսխալ բնազդով զգալով, թե ուր է գնում երկրի տնտեսությունը, պատվիրել էր Հայաստանի ամենահայտնի տնտեսագետներին մի քանի էջում շարադրել իրենց առաջարկները: Գնահատականը, ըստ իմ աղբյուրի, Դեմիրճյանը տվել էր ռուսերեն մեկ բառով՝ «Мура!»: Հիմա, եթե նման պատվեր իջնի, ասենք, Տնտեսագիտական համալսարանի պրոֆեսուրային, արդյունքն ավելի լա՞վը կլինի:

Հասարակական, հումանիտար գիտությունների նոր որակը, իմ կարծիքով, այսօր չափազանց հրատապ խնդիր է, որովհետեւ մենք իրականում չգիտենք, թե որտեղ ենք գտնվում եւ ուր պիտի գնանք: Ես չեմ լսել եւ չեմ կարդացել Հայաստանում ստեղծված իրավիճակի սառը, գիտական վերլուծություն: Էմոցիոնալ բացականչություններն այն մասին, որ երկիրը կործանվում է, հավանաբար, մոտ են մեր ժողովրդի մեծ մասի աշխարհընկալմանը: Իրականում, գուցե ակամա, էստախոլոգիական պնդումների հեղինակները հագուրդ են տալիս այն տրամադրություններին, որ պետք է ամեն ինչ քանդել եւ սկսել զրոյից՝ գուցե շատերի համար այդ «զրոն» նույն 1991 թվականն է: Բայց մի անգամ արդեն առիթ եմ ունեցել գրելու՝ մեր «զրոյական օպուսները» մենք արդեն գրել ենք, մենք պետության զարգացման ինչ-որ մի փուլում ենք: Բայց որ փուլում՝ դա պիտի ասեն մասնագետները:

Այդ առումով ո՞ր ոլորտի մասնագետների կարիք կա: Ինձ թվում է՝ տնտեսագետների, իրավաբանների, սոցիոլոգների (նկատի ունեմ՝ գիտնականներին, ոչ թե վարկանիշներ հաշվողներին), սոցիալական հոգեբանությամբ զբաղվողների, մշակութաբանների, քաղաքագետների (իսկական), մարդաբանների, ազգագրագետների: Բայց մենք ունե՞նք արդի պահանջներին համապատասխանող մասնագետներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Դարձյալ նույն ծեծված թեման. Բոլորը, բացի ՛՛Նրանից՛՛, մեղավոր են: Բացահայտիչ հարց. Որպեսզի ճշգրտորեն հաշվարկեն, թե փոքրիկ Հայաստան քանի հոգի պետք է շաքար ներկրի, ո՞ր ոլորտի որակյալ մասնագետներ են անհրաժեշտ, կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի՞, թե նուրբ օրգանական քիմիայի:
    ՛՛Կացնավոր՛՛ մարդուն թողած, ՛՛Ճնճղուկների վնասակար ներգործությունը որոշակի ծառերի առանձին ճյուղերի վրա՛՛ թեմայով բանավե՞ճ եք առաջարկում: Առաջարկում եք, որ ի՞նչ անեք…

  2. Ընթերցող says:

    Ձեր ասած ֆիզիկա, մաթեմատիկա, աստղագիտություն զարգացնելու համար պայմաններ կային (խոսքս չի գնում տեխնիկական բազայի մասին) նույնիսկ անկախության տարիներին, քանի որ ոչ հումանիտար գիտությունների համար կոնկրետ լեզուն այդքան էլ կրիտիկական չէ, թե որ լեզվով է աշխատությունն արվում: Ոտար լեզվի իմացությունն էլ կարող է մարգինալ լինել: Կարող ես ռուսերեն կամ անգլերեն լեզվով մեխանիկայից հոդված կարդալ, հայերեն մտածել նոր խնդրի լուծման վրա, ու ֆրանսերեն հոդված գրել (մի քիչ շատ եղավ մեխանիկների համար, բայց ասենք թե):

    Անկախ Հայաստանում արդեն պայմաններն ու հրամայականներն ուրիշ էյին հումանիտար գիտությունների համար: Այդ ճյուղերը զարգացնելու համար անհրաժեշտ կրող մեդիան արդեն հայերենն էր: Փոքրիկ Հայաստանում, մի քանի միլիոնով, շատ դժվար է զարգացնել հայերենով փիլիսոփայություն, մանկավարժություն, և այլն: Օտար լեզուներից այստեղ էլ կարելի է օգտվել, բայց արդեն լեզվամտածողությունն ուրիշ մակարդակի է: Հումանիտար գիտությունների դեպքում օտար լեզուներին շատ ավելի լավ պետք է տիրապետել: Մարդ իր առանձին մասնագիտություինց բացի պետք է փայլուն տիրապետի օտար լեզվին էլ որպիսի սահուն շարադրի ասենք ֆրանսերենով ստացած (և հույս ունենք հասկացած) գիտելիքը հայերեն, և հակառակը: Իհարկե գումարվում է նաև այն, որ սովետի քանդվելուց հետո, բազան էլ էր ուրիշ զարգացման համար: Սովետի ժամանակ հումանիտար գիտությունները չափից դուրս շատ էյին կապված կումունիզմին ծառայելուն ու շատ բաներ պետք էր նորից վերաշարադրել:

    Հ.Գ. տո ասա ինձ պետք էր գշերվա կեսին նստեմ լեզվամտածողիության մասին կոմենտ գրեմ:

  3. Narek says:

    «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրը Հայաստանում» (ՌԱՀՀԿ, 2010) հետաքրքիր աշխատություն կա, իդեալական ու Ձեր ասած լայնությամբ չի իհարկե. բայց 200 էջ գրվածքներ են, աչքի անցկացրեք:

  4. Narek says:

    (թեկուզ դանդաղ եք կարդում):)

  5. Լևոն Մելքումյան says:

    Ի հարկե, այդ ամենն անհրաժեշտ է: Բայց ամենից առաջ անհրաժեշտ է, որ ժողովուրդն ինքը պահանջ զգա որոնել այն հարցերի պատսխանը, թե մենք ու՞ր ենք գնում, ինչպիսի՞ պետություն ենք ուզում ունենալ, ինչպիսի՞ պետություն կարող ենք կառուցել․․․ Անկասկած է նաև այն, որ ժողովուրդն ինքը չի կարող հստակ դնել այդ հարցերը։ Սակայն իր ներսում, ենթագիտակցության մեջ, արժեքային համակարգում այդ հարցերը և դրանց պատասխանները պիտի ուրվագծված լինեն, անհանգստացնեն ժողովրդին: Այդ դեպքում միայն կառաջանա համապատասխան մարդկանց, մասնագետների պահանջարկ և այդպիսիք կհայտնվեն:
    Իսկ հիմա ազնվորեն նայեք, թե ի՞նչ է ուզում մեր ժողովուրդը, ի՞նչն է իր երազանքների սահմանը, միայն ազնվորեն: Այդ դեպքում, ինձ թվում է հստակորեն կուրվագծվի Եւրասիական տնտեսական միությունը և Ռուսաստանում արտագնա աշխատանքի (ասֆալտ փռելու) հնարավորությունը․․․

  6. Գալուստ Ենոքյան says:

    «Գնահատականը, ըստ իմ աղբյուրի, Դեմիրճյանը տվել էր ռուսերեն մեկ բառով՝ «Мура!»: Հիմա, եթե նման պատվեր իջնի, ասենք, Տնտեսագիտական համալսարանի պրոֆեսուրային, արդյունքն ավելի լա՞վը կլինի:» Կարծում եմ տնտեսագիտությունը որպես գիտություն բավական « հեղհեղուկ» գիտություն է, չնայած որ Նոբելյան մրցանակ են տալիս …իրական գիտնականները…բիզնեսմեններն են որոնք իրենց տանը բացած բիզնեսը մի օր դարձնում են APPLE…50 ականների վերջի, երբ դեռ «հին» փողը չէր փխվել, հայրս մորս ասում էր էդ մետաղյա մանրադրամը մի թափիր, հավաքիր մի օր պետությունը փողը կփոխի, բայց էս մարադրամը իրենց ձեռք չի տա որ փոխեն…ինքը մի արկղում հավաքում էր… 60 ականների սկզբին փողը փոխվեց …հորս հավաքած մանրադրամնրի գինը 100 տոկոսով բարձրացավ…ինքը Եգիպտոսում բիզնեսմեն էր եղել…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031