Լրահոս
Օրվա լրահոսը

Գետնանցումի «օրենքներին» ընդունում են 10 հազար դրամով

Հոկտեմբեր 31,2014 16:00

Գետնանցումում առանց ՀԴՄ-ի աշխատելու համար
տարածքի նայողին 10 հազար դրա՞մ են տալիս

Մեր երկրում ով ում վրա կարողանում է՝ իշխանություն է «բանեցնում», կամ էլ միշտ արդիական է մնում՝ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» թեւավոր խոսքը:

Մի այդպիսի պատմության մեջ է հայտնվել քաղաքացի Ռոզա Մինասյանը:
«Ինձ ահաբեկում են, անվայել խոսքեր ասում, մի բան էլ զգուշացնում, որ եթե հանկարծ բողոքեմ, եւ իրենց բռնեն, փետը գլխիս կջարդեն»,- «Առավոտին» պատմեց 67-ամյա Ռոզա Մինասյանը, որը 2014 թվականի մայիս ամսից 3-րդ Մասի մետրոյի գետնանցումում 4 քառակուսի մետր տարածք է վարձակալել եւ հագուստ է վաճառում: Տիկին Ռոզայի խոսքերով՝ օրինական դաշտում գրանցված աշխատող է եւ ամեն ամիս պարտաճանաչ կատարում է վճարումները, բայց աշխատանքն ու կյանքը դարձել են «քաոս», երբ այդ տարածքում աշխատող եւ նաեւ, ինչպես տիկին Ռոզան ասաց, «տարածքը նայող» Գեւորգը պարտադրում է ամեն ամիս վճարել նաեւ նրան. «Գեւորգը ասում ա՝ դու պետք ա մեզ «նալոգ» տաս՝ ամիսը 10 հազար դրամ, շատ խոսաս՝ 15 հազար կտաս, մեզնից լավը չես, ոնց բոլորը, դու էլ իրանց պես, ու ընդհանրապես ինձ չի հետաքրքրում՝ օրինակա՞ն ես աշխատում, թե՞ չէ»:

getnancum_2 getnancum_3

Պարզվում է՝ այս գետնանցումն ունի իր օրենքները. ուզում ես՝ մի քանի խանութ ունեցիր, ուզում ես՝ մեկը, միեւնույն է՝ «սեւ վճարներ» պետք է կատարել «տարածքը նայողին»: Տարածքում շրջելիս եւ առեւտրականներին հետեւելիս մենք նկատեցինք, որ որոշ առեւտրականներ բացեիբաց, առանց ՀԴՄ ապարատի են աշխատում ու փորձի համար էլ երբ պահանջում ես կտրոն` հանգիստ պատասխանում են՝ չունեմ կամ չի աշխատում: Չեն անհանգստանում, քանի որ համոզված են, որ այդ հարցերով զբաղվող կա, իսկ իրենք դրա համար պարտաճանաչ վճարում են նրան:

Տիկին Ռոզան ինչ է թե՝ ընդդիմացել է «նալոգներին», մեկ օրում հայտնվել է փողոցում. «Ես ինչի՞ պիտի կրկնակի վճարում անեմ, երբ վարձակալած տարածքի եւ մնացած այլ վճարումներս կանոնավոր կատարում եմ, ինչի՞ պիտի ոմն Գեւորգի, որը ինձ նման աշխատող է, տանեմ փող տամ: Գրանցված, օրինական աշխատող եմ, հիմա հա՛մ պետությանը վճարեմ, հա՛մ էլ դրա՞նց փող տամ, էդ ես ի՞նչ եմ աշխատում մի փոքր տեղից, որ մի քանի տեղ վճարումներ անեմ»:

Այս խնդրով Ռոզա Մինասյանը մի քանի անգամ գնացել է Շենգավիթի տարածքային Հարկային տեսչություն, բայց ինչպես նա է ասում՝ ոչ մի կերպ չի կարողացել խնդիրը տեսչության պետին ներկայացնել, պահակը շեմքից վերեւ չի թողել, երբ իմացել է, որ քաղաքացին պետի մոտ է ցանկանում բարձրանալ: Տիկին Ռոզան հիմա ամբողջ ապրանքը հավաքել ու այդ խանութից դուրս է եկել:

«Հարկայինի աշխատողներից մեկը ինձ ասում ա՝ տիկին Ռոզա, ավելի լավ է՝ դուք դուրս եկեք այդ տարածքից: Դուրս եկա, թող ինձ հանգիստ թողնեին՝ հիմա ի՞նչ են ուզում»:
Ռոզա Մինասյանը պատմեց, որ մի քանի օր առաջ էլ գիշերով փորձել են նրա վարձակալած նոր կրպակից գողություն անել՝ նրան ֆինանսական վնաս պատճառելու ակնկալիքով: Նշենք, որ 3-րդ մասի գետնանցումի խանութը լքելուց հետո տիկին Ռոզան մեկ այլ վայրում նոր կրպակ էր վարձակալել, որպեսզի գոյությունը պահպանի: Գիշերով եկել են եւ նոր վարձակալած կրպակի մետաղյա ճաղերն էին կտրել, բայց գործը մինչեւ վերջ չէին հասցրել եւ փախել էին. «Ասեցին՝ վատություն կանենք, որ մեզ չենթարկվես, ու արեցին: Այնպես չի, որ պատահական ա եղել՝ ինձնից առաջ այս կրպակը դատարկ՝ վարձով էին տալիս, ու հենց տեղափոխվեցի, մի քանի օր չանցած՝ փորձեցին գողություն անել: Բա մարդ չկարողանա՞ օրենքով պաշտպանված, հանգիստ աշխատի: Էրեբունի թաղամասում մի աղջկա խանութի ՀԴՄ ապարատը փչացել էր՝ տարել էր սարքելու, ու ինչ է թե՝ այդ օրը բացել էր խանութը, հարկայինից գնացել 180 հազար դրամ տուգանել են, բայց 3-րդ մասի գետնանցումը, որտեղ լիքն են առանց ապարատի աշխատողները, ոչ մի խնդիր չունեն»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031