Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեքուկեսամյա երեխայի մահվան գործով մայրը դիմել է գլխավոր դատախազին

Հոկտեմբեր 31,2014 15:30

Նարինե Հայրոյանի երեխան՝ Սառան, ծնվել էր սրտի բնածին արատով եւ ինչպես «Առավոտին» պատմում է մայրը՝ ծնված օրվանից գտնվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ: Չնայած սրտի արատին, երեխան եղել է ֆիզիկապես առողջ, գանգատներ չի ունեցել, շնչարգելության խնդիրներ չի ունեցել, ազատ խոսել է հայերեն եւ անգլերեն: Մեկ տարի առաջ այս օրը վիրահատություն է կատարվել, որը տեւել է 8-9 ժամ, վիրահատությունը կատարել է ճանաչված բժիշկ Հրայր Հովակիմյանը:

Ի դեպ, Նարինե Հայրոյանը շատ գոհ է Հրայր Հովակիմյանից, քանի որ կանխատեսվող ոչ մի բարդություն չի առաջացել եւ բժիշկն էլ ասել է, որ Սառան կապրի առողջ սրտով՝ մինչեւ խոր ծերություն: Երեխայի՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու ժամանակ ամեն ինչ ընթացել է բնականոն: Երեխան, ինչպես մայրն է ասում, խոսել է, քայլել, նորմալ շփվել է, անգամ կատակել: «Վերակենդանացման բաժանմունքում գտնվելու ժամանակ ամեն ինչ ընթացել է բնականոն, երեխայի ընդհանուր վիճակը թույլ է տվել ընդհանուր բաժանմունք տեղափոխելու բժիշկների որոշմանը, ինչի համար նշանակվել է արյան հետազոտություն: Բուժքույրերը միմյանց փոխելով՝ չեն կարողացել անալիզ վերցնել եւ բժշկուհի Ս. Ս.-ն ինքն է շարունակել, որի ընթացքում երեխան լացում էր, խնդրում չցավեցնել, սակայն ապարդյուն: 5 ժամ տեւեց այդ ամենը, որից հետո երեխան չէր ճանաչում շրջապատի մարդկանց, անգամ հարազատ մորը, աչքին տեսիլքներ էին սկսում երեւալ, ամեն ձայնից վախեցած վեր էր թռչում»,- գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ուղղված բողոքում գրել է երեխայի մայրը:

Ըստ բողոքաբերի, դրանից հետո երեխան անհանգիստ է եղել, չի քնել, ճչացել է, չի միզել նորմալ: «Վիրաբույժի օգնականը, նկատելով ձախակողմյան դրենաժի թուլանալը, առանց տեղային ցավազրկման, ասեղով ֆիքսել է մաշկին, որից հետո երեխաս դադարեց ընդհանրապես խոսել»,- նշել է Ն. Հայրոյանը: Գլխավոր դատախազին տեղեկացվել է, որ երեխայի համար հրավիրվել էր նեւրոպաթոլոգ, հոգեբույժ, հոգեբան, երեխան տարվել է «Նաիրի» ԲԿ՝ ԿՏ հետազոտության: Ըստ այդ եզրակացության՝ «երեխայի ուղեղում օրգանական ախտահարման օջախներ չկան, խնդիրը հոգեբանական է»: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ, մոր տեղեկացմամբ՝ երեխան այնքան էր հյուծվել, որ դարձել էր 11 կգ, սկսվել էին փսխումներ՝ օրը 4-6 անգամ, թուլացել էին ոտքերը, պարանոցը, ծամիչ մկանները: «Իմ ներկայացրած բողոքը համապատասխանում է իրականությանը:

Հետվիրահատական շրջանում երեխայի մոտ զարգացել է ավշային հոսք, պլեւրալ խոռոչ, որի կապակցությամբ դրվել են դրենաժներ, որոնք էլ թողնվել են օրգանիզմում եւ միայն հանվել են դուրսգրումից 2 օր առաջ: Վիրակապը փոխելուց նկատվել է մեծ թարախակույտ, որը բացելուց հետո հեռացվել է մեծ քանակությամբ թարախ»,- բողոքում գրել է մայրը: Նա գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրում փորձագիտական եզրակացության որոշ անճշտությունների վրա, մասնավորապես, որ երեխան, ըստ պայմանագրի, հիվանդանոց է ընդունվել ընդհանուր թուլությամբ եւ դյուրհոգնելիության նշաններով եւ որ փորձագետի կողմից ավելացվել է՝ «ի ծնե առկա է ցածր իմունիտետ» բառակապակցությունը, որի մասին երեխայի ոչ ամբուլատոր քարտում, ոչ պատմագրում, ոչ էլ էպիկրիզում չի եղել: Ըստ Ն. Հայրոյանի՝ էպիկրիզում գրված է, որ երեխան դուրս է գրվել վիճակի բարելավումով, ինչին համաձայն չէ մայրը. «Մի՞թե բարելավում է համարվում աշխույժ, ֆիզիկապես եւ մտավոր զարգացած երեխային քայլելու, շարժվելու, խոսելու, շփման մեջ մտնելու ունակություններից զրկելը, բույսի վերածելը»: Որպես հավաստում երեխայի մտավոր եւ ֆիզիկական զարգացման, մայրը լուսանկարներ եւ տեսանյութ է պատրաստ տրամադրել: Ըստ բողոքի՝ մոր հարցին, թե երեխան ինչո՞ւ համարյա չի քնում, անհանգիստ է, կա՞ն համապատասխան միջոցներ երեխային հանգստացնելու համար, բժիշկ Ա.-ն պատասխանել է. «Երեւի ձեր քնելու համար եք մտածում, երեխային ուզում եք հոգեմետ դեղեր տանք, շշմի՝ քնի՞»:

Ի դեպ, վիրահատությունից հետո Հրայր Հովակիմյանը մեկնել էր Ամերիկա: Բողոքաբերի կարծիքով՝ ծանր, բարդ վիրահատություն տարած երեխային պետք էր առավել մեծ հոգատարություն եւ ուշադրություն: Երեխայի պարանոցի հատվածում դրված կադետրը դուրս էր եկել եւ մոր տեղեկացմամբ՝ անցքը փակել են կես ժամ հետո, որը կարող էր ինֆեկցիայի հնարավոր թափանցման եւ տարածման պատճառ դառնալ, կարելի էր պրոֆիլակտիկ հակաբակտերիալ բուժում նշանակել, ինչը չի արվել: «Ինֆեկցիոն բարդությունների առաջացմանը նպաստել են նաեւ դրենաժները, որոնք թողնվել են 45 օր, կարող էին կատարել փոքրիկ կտրվածք, փակել ավշի հոսքը դեպի պլեւրալ խոռոչ եւ կկանխվեր ինֆեկցիոն բարդությունների առաջացումը, որը եղավ ճակատագրական»,- գրել է բողոքաբեր կողմը: (Առաջիկայում կներկայացնենք նաեւ նրա ներկայացուցիչ փաստաբանի դիտարկումները):

Բողոքաբերների կարծիքով, իրենք հակված չեն տպավորություն ստեղծելու, թե հիվանդանոցում աշխատում են ոչ բարեխիղճ մասնագետներ, սակայն վերը նշվածը, ըստ նրանց, փաստում է այն մասին, որ որոշ բաներ, մեղմ ասած՝ չեն խոսում բժիշկների բարեխիղճ լինելու մասին: Մասնավորապես՝ եթե բժիշկները փորձեին լսել մոր կողմից ներկայացվող գանգատները, երեխայի վիճակը օբյեկտիվ գնահատվեր, հնարավոր էր՝ ճիշտ ախտորոշեին եւ համապատասխան բուժում նշանակեին: «Բժիշկների կողմից ճի՞շտ էր, արդյոք, թարախակույտի հեռացումից հետո ցածր դոզայով հակաբակտերիալ բուժում նշանակելը», – հարցնում է բողոքաբերի ներկայացուցիչը:

Նշենք, որ ըստ մոր՝ բժիշկների անտարբերության մասին խոսում է այն փաստը, որ ամիսուկես իրենց մոտ գտնված երեխան, երբ մահացել է դուրս գրվելուց ընդամենը 2 օր հետո, հիվանդանոցից ոչ մի ցավակցական զանգ կամ արձագանք չի եղել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031