Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր շահն ամենուր է

Հոկտեմբեր 31,2014 15:00

Սույն նյութում կփորձենք զուգահեռներ անցկացնել նախկին՝ խորհրդային Հայաստանում եւ նորանկախ Հայաստանի Հանրապետությունում մարդկային հարաբերությունների վրա շահի ունեցած ազդեցությունների զուգահեռականները, ինչպես նաեւ կներկայացնենք վերջին մի քանի տարիներին երկրում առկա մարդկային հարաբերությունների իրական վիճակը, դրա վրա՝ որպես ազդող գործոն դիտարկելով շահ կոչվածը:

Կարծում եմ, բոլորը համաձայն կլինեն այն մոտեցման հետ, որ շահ կոչվածն ի հայտ է եկել մարդ արարածի ծննդյան պահից եւ այն մարդկության հետ էլ պետք է վերանա: Շահը մարդուն հատուկ բազմապիսի հատկանիշներից մեկն է եւ չի եղել, չկա ու երբեւէ չի լինի որեւէ մարդ, որը լիովին զուրկ լինի դրանից: Ուղղակի, այն տարբեր մարդկանց մոտ, տարբեր ժամանակներում, տարբեր չափեր ու դրսեւորումներ ունի: Եվ, քանի որ մարդը համարվում է Աստծո գերագույն ստեղծագործություն, այդ պատճառով՝ Տերը մարդուն արարելիս, նրա մեջ այդ հատկանիշն այնպես է տեղադրել, որ այն լիովին ներդաշնակ լինի մարդու մնացած հատկանիշներին: Մարդը՝ որպես հատկանիշների մի ամբողջական համակարգ, պետք է գործի բնության օրենքներին համահունչ, քանզի դրանք եւս Տերն է արարել: Այժմ փորձենք դիտարկել ու վերլուծել վերը նշված զուգահեռները եւ այդ տեսանկյունից՝ նաեւ մերօրյա մարդկային հարաբերությունները:

Բոլոր այն մարդիկ, ովքեր չափահաս են եղել խորհրդային տարիներին, կարող են վկայել, որ այսօր տիրող մարդկային հարաբերությունները դույզն անգամ աղերս չունեն խորհրդային ժամանակների մարդկային հարաբերությունների հետ: Իհարկե, շատերն այդ հանգամանքը կարող են բացատրել նրանով, որ երկրում տնտեսական կացութաձեւ է փոխվել, ինչն իր անվերապահ ազդեցությունն է թողել այդ հարաբերությունների վրա եւ բնական է, որ այդպես էլ պետք է լիներ: Ակնհայտ է, որ կացութաձեւի փոփոխությունն իսկապես պետք է էական ազդեցություն ունենար այդ հարաբերությունների վրա, սակայն, որպես ուղղակի ազդեցության գործոն, դա չէ հիմնականը: Այդ հարաբերությունների՝ առկա իրավիճակի գլխավոր պատճառը մարդ արարածի՝ շահի պահանջի անբնական ավելացումն է: Իհարկե, խորհրդային տարիներին նույնպես կար շահ կոչվածը, եւ այն ոչ մի վայրկյան անգործ չէր մնում, սակայն այդ ժամանակ` նույն խորհրդային համակարգը նրան զսպում էր՝ պահում էր որոշակի սահմանափակումների ու չափերի մեջ, եւ այն իր ազդեցությամբ չէր կարող սահմանվածից ավելի ազդեցություն ունենալ ու չէր կարող ստվերել կամ ոչնչացնել մարդկային մնացած հատկանիշները: Այդ իսկ իմաստով, մարդկային հարաբերությունները` բարոյական, բարեկամական, հարազատական, ընկերական, հարեւանական, ծանոթական, աշխատանքային եւ այլն, գտնվում էին նորմալ մակարդակի վրա: Ինչպե՞ս կարող էր պատահել, որ մեկը սեփական գործարաններ, ինքնաթիռներ, շենքեր, հանքեր, օդանավակայաններ, ֆուտբոլային եւ այլ սպորտային թիմեր ու նմանատիպ այլ հարստություններ ունենար, իսկ հարյուր հազարավոր մարդիկ, դեղի ու հացի փող չունենային: Պետությունն ինչպե՞ս կարող էր հանդուրժել, ավելին՝ նպաստել, որ մարդկանց ներսում շահն այնքան գլուխ բարձրացներ, որ նրանցից թեկուզ մեկը՝ նման ախորժակ ունենար եւ փորձ աներ նմանատիպ հարստությունների տիրանալ: Եթե նույնիսկ, տեսականորեն որեւէ մեկը նման հնարավորություն ունենար, ապա մարդկային հարաբերությունների մթնոլորտը կզսպեր նրա մոլուցքը, եւ այդ մարդը երբեք չէր գնա նման քայլի:

Շահ կոչվածի հիմնական զսպիչները՝ մարդկային խիղճը, արդարամտությունը, ազնվությունը, հավատքը, կողքիններին հարգելն ու գնահատելը, բոլորին՝ Տիրոջ զավակներ համարելը, քչով բավարարվելը, հայրենիքը, մարդկանց սիրելը եւ շատ ու շատ այլ արժեքներ կրելն է, որոնց բոլորին էլ, շահն այսօր՝ համարյա հիմնովին ջնջել ու ոչնչացրել է: Այս պայմաններում, շահը դարձել է սանձարձակ եւ գնալով` այլեւս սահմաններ չի ճանաչում: Այսօր շահն այնքան է գլուխ բարձրացրել եւ բոլոր չափերն անցել, որ համարյա ոչնչացրել է մարդ արարածի մնացած բոլոր հատկանիշները, նրան՝ լիովին դարձնելով շահի գերին: Բնական է, որ տվյալ պարագայում մարդկային հարաբերությունները լիովին այլափոխվում են, քանզի նրանք իրար հետ պետք է հարաբերվեն՝ նաեւ իրենց ունեցած մնացած հատկանիշներով` հայրենասիրություն, խիղճ, սեր, հույս, ազնվություն, մաքրություն, ուրիշին օգնելու ցանկություն, ընկերություն, հպարտություն, հավատարմություն, նվիրվածություն, մարդասիրություն, չափավորություն, գթասրտություն, պարկեշտություն, աշխատասիրություն (դրանք շատ-շատ են, ուստի բոլորը չեմ թվարկի), որոնք համարյա ոչնչացված են: Այս ամենը նույնիսկ անզեն աչքով նկատելի է բարեկամական, ազգակցական, հարեւանական, ընկերական, աշխատանքային եւ նման կարգի այլ հարաբերություններում: Մարդու ներսում շահն այնքան է լկտիացել, որ ջնջել եւ շարունակում է ջնջել բոլոր զսպման մեխանիզմները՝ նրան դարձնելով սարքի նման մի բան: Շահն այնպիսի գերիշխող դիրք է նվաճել, որ առանց խղճի խայթի, ջնջում է մարդու ներսում եղած բոլոր դաշտերը: Այս իրավիճակում` այդ տեսակի մարդու մտածողությունն աշխատում է միայն մեկ ուղղությամբ. ամեն ինչ անել, որպեսզի, որքան հնարավոր է՝ մեծ շահ ստանալ: Իր ճանապարհին այդ տեսակը ոտնատակ է անում բոլոր սրբությունները, միայն թե շահը լինի առավելագույնը: Նման մարդկանց կյանքը նորմալ կյանքի հետ ոչ մի կապ չունի: Այն ընդամենը մրցավազք է շահի համար: Եթե համապատասխան այրերը չեն կարողանում երկրում ներդնել այնպիսի համակարգ, որը կարողանա զսպել մարդկային սանձարձակ շահը, ապա այստեղից հետեւությունը մեկն է. պետք է ժողովուրդը համախմբվի եւ ինքը փոխի երկրի գործող համակարգը: Հավատացեք, այլ ճանապարհ չկա:

Ամփոփելով՝ ասեմ, որ շահի մոլուցքն է հիմնական պատճառներից մեկը, որ արտագաղթը, գործազրկությունը, գնաճը եւ շատ այլ բաներ հասել են այսպիսի անասելի չափերի, որ մարդկային հարաբերություններն ամենուր դարձել են շահի գերին ու հայտնվել նրա ոտքերի տակ: Կարելի է ավելին պնդել` Հայաստանում ընդհանրապես գոյություն չունեն մարդկային հարաբերություններ, դրանք կատարելապես վերածվել են միմիայն շահի հարաբերությունների: Եթե մի երկրում շահն այնքան իշխող է դարձել, որ կարողանում է վերացնել ծնող-երեխա, եղբայր-եղբայր, քույր-եղբայր, բարեկամների, հարազատների, հարեւանների, մտերիմների, ընկեր-ընկերուհիների անկեղծ հարաբերությունները եւ այս ամենի կողքին կգտնվի մեկը, ով կասի, որ Հայաստանում կյանք կա, ապա այդ մարդը, նվազագույնը` խորը մոլորության մեջ է:

Նայելով ամենուրեք թեւածող շահին՝ ստիպված ես գալ միակ եզրահանգման. բոլոր շահամոլները մոլորյալներ են, քանզի նրանց թվում է, որ իրենք՝ Տիրոջ կողմից ստացել են ֆիզիկական անմահության ուղեգրեր…

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն
եւ ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն հ/կ նախագահ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031