Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Ստեփանյանն աշխատանքի է ընդունվել օպերային թատրոնում

Հոկտեմբեր 31,2014 14:30

Վերջին շրջանում հայաստանյան թատերական աշխարհում իրարանցում է սկսվել դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի անվան շուրջ: Շրջանառվում են խոսակցություններ, թե նա նշանակվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, մի մասն էլ՝ ռեժիսորական խմբի ղեկավար: Ասում են նաեւ, որ նա սկսել է պարտաճանաչ հաճախել թատրոնի խաղացանկային ներկայացումներին:

2-3 օր առաջ «Առավոտը» կապվեց ճանաչված արվեստագետի հետ, սակայն նա ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց մեր տեղեկությունը: Ընդամենն ասաց՝ «դեռ վաղ է այդ մասին խոսելը»: Նախօրեին Ազգային օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը հայտնեց, որ Վիգեն Ստեփանյանը ընդունվել է թատրոն՝ ոչ թե գլխավոր ռեժիսոր, այլ պարզապես ռեժիսոր:

Ճանաչված արվեստագետների մի մեծ բանակ ողջունում է Վիգեն Ստեփանյանի մուտքը օպերային թատրոն, նախ նշելով, որ նա իսկական երեւանցի է, հետո էլ փաստում՝ արվեստագետի հարուստ ստեղծագործական կենսագրությունը ինչպես թատրոնում, այնպես էլ՝ կինոյում:

Հակիրճ ներկայացնում ենք նրա գործունեությունը. 1989թ. Վիգեն Ստեփանյանը հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991թ. հիմք է դարձել «Մետրո» թատրոնի ստեղծմանը, որտեղ նա հանդիսացել է գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: 1994-2003թթ. աշխատել է Լիբանանում, վերադառնալուց հետո էլ կրկին ստանձնել է «Մետրո»-ի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները: Իսկ 2007-ից աշխատել է տարբեր թատրոններում՝ որպես հրավիրված դերասան ու բեմադրիչ: Խաղացել է շուրջ 100 դեր, բեմադրել 4 տասնյակից ավելի ներկայացում, այդ թվում՝ նաեւ արտերկրում: Նկարահանվել է մոտ 50 ֆիլմում, նաեւ՝ ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, հանդես է եկել ավելի քան 60 հեռուստաներկայացումներում: Երեք տարի շարունակ արվեստագետը հանդիսացել է «Էրեբունի-Երեւան» տոնակատարության բեմադրիչը: Սեփական սցենարով Վիգեն Ստեփանյանը բեմականացրել է շուրջ 10 պիես: Ավելին՝ նրա սցենարով նկարահանվել է 2 կարճամետրաժ եւ 1 լիամետրաժ ֆիլմ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հարութ says:

    Վիգեն Ստեփանյանն իսկապես լավ արվեստագետ է, բայց ինչ է նշանակում՝ իսկական երեւանցի է: Կարելի է մտածել՝ Երեւանը հանճարների բնակատեղի է , Հայաստանի մարզերից էլ տաղանդներ չեն ծնվում: Կոռեկտ չէ

  2. Լևոն Մութաֆյան says:

    Վիգեն Ստեփանյանը ռեժիսոր չի նշանակվել, այլ՝ գլխավոր ռեժիսոր: Եվ նա դա հաստատել է:
    https://newsbook.am/?p=42388&l=am

  3. Լևոն Մութաֆյան says:

    Դե, Օպերայում բեմադրություններ իրականացրած Արշակ Բուրջալյանը, Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, Հրաչյա Ղափլանյանը, Տիգրան Լևոնյանը, Ռաֆայել Ջրբաշյանը, Վահագն Բագրատունին երևանցիներ չէին: Նորայր Սարգսյանից հետո վերջապես երևանցի է գտնվել…

  4. Սեդա says:

    Կրկնվում ա Վիգենը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031