Օրերս Վենետիկի Վենդրամին պալատում իտալահայ բանաստեղծուհի Վիկտորիա Աղանուրին (1855-1910) նվիրված ելույթով հանդես է եկել Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սոնա Հարությունյանը (լուսանկարում):
Վերջինս հանրությանն է ներկայացրել Վիկտորիա Աղանուրի հայկական ինքնության շուրջ Սբ. Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության եւ Պերուջայի պետական արխիվներում, Վենետիկի Մարչանա գրադարանում, Ատենեո Վենետո գիտական հաստատությունում եւ Երեւանի Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում կատարած իր հետազոտությունների արդյունքները:
«Էդուարդ Աղանուրի եւ իտալուհի ազնվական Ջուզեպինա Պաչինիի դուստր Վիկտորիա Աղանուրը իտալական հանրությանը ներկայացված է որպես տասնիններորդ դարի վերջի եւ քսաներորդ դարի սկզբի իտալացի մեծագույն բանաստեղծուհիներից մեկը: Միայն հպանցիկ, երբեմն նշվում է, որ հայրը եղել է հայ: Հարկ է շեշտել, որ Վիկտորիայի հայրը` Էդուարդը, թոռն էր Փարիզի Մխիթարյան վարժարանի մեկենաս Սամուել Մուրատյանի եւ սերում էր Մադրասի Աղանուրյանների հայտնի տոհմից, որոնք 1835 թվականին Մխիթարյանների խորհրդով Հնդկաստանից տեղափոխվել էին Եվրոպա, նախ Փարիզ, ապա` Վենետիկ: Այս ուսումնասիրության նպատակն է լույսի շող իջեցնել Վիկտորիա Աղանուրի հայկական ինքնության վրա եւ հրատարակության պատրաստել հետազոտության արդյունքները, այդ թվում բանաստեղծուհու նամակները` հասցեագրված Ղեւոնդ Ալիշանին, Արսեն Ղազիկյանին, Իսավերդենցին եւ Արշակ Չոպանյանին»,- այսպես է ավարտել իր զեկույցը տիկին Հարությունյանը:
Սեփ. լր.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
30.10.2014