Լրահոս
Օրվա լրահոսը

Այվազյան, գումարած աբսուրդի թատրոն՝ տրագիկոմեդիայի երանգներով

Հոկտեմբեր 31,2014 13:30

«Գոյ» թատրոնում Սամսոն Ստեփանյանի
«Դեկորներ» ներկայացման պրեմիերան

Օրերս «Գոյ» թատրոնում կայացավ ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի՝ ըստ Աղասի Այվազյանի բեմադրած «Դեկորներ» ներկայացման պրեմիերան: Ընտրված էր աբսուրդի ժանրը՝ տրագիկոմեդիայի երանգներով: Գլխավոր դերերում հանդես եկան Սարգիս Չոլոյանը, Սամվել Թոփալյանը, Գուրգեն Սարգսյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Աննա Հարությունյանը: Նկարիչը եւ զգեստների ձեւավորողը Լուսինե Տարակչյանն է, վիդեո եւ հնչունային ձեւավորումը` Հայկ Իսրայելյանինն է:

Dekorner-4 Dekorner-3 Dekorner-2 Dekorner-1

Ներկայացումը սկսվում է երեք հերոսների «մուտքով»: Նրանք հեքիաթային թզուկներին են հիշեցնում, համենայնդեպս, նրանց հագուկապը եւ պահվածքն այդպիսին էր: Սկզբում բախտավոր անգիտության մեջ են, հետո գլխի են ընկնում, որ իրականում ունայնության մեջ են, չկա ոչինչ, չկա ժամանակ, եւ ամենակարեւորը՝ ՏԵՂ: Եվ երբ պայմանական ՏԵՂ-ի հարցը լուծվում է «պայքարի» ու ինչ-ինչ փոխզիջումների եւ երեւակայության ուժով, ազատությունն է սկսում կարեւորվել, սակայն ներկայացման մեջ ազատության ձգտումը, չգիտես ինչու, այնքան է ծայրահեղացվում, որ ռեժիսորի մտահղացմամբ համարժեքանում է կործանարարությանը: Մեր սուբյեկտիվ ընկալմամբ, ներկայացումը թեթեւ քաղաքական ենթատեքստ ուներ: Ներկայացման մեջ կին էլ է «ներմուծված», որը համարյա նույն խաղն է խաղում, ինչ նրա նախատատ Եվան, սակայն ի տարբերություն Եվայի, այս կինը կանացի հմայքին ու տղամարդկանց ցանցը գցելու միջոցների է դիմում: Տվյալ դեպքում ադամները մի քանիսն են, մի քիչ էլ գռեհիկ են, երբեմն ոչ էսթետիկ շարժուձեւով: Օրինակ, մի տեսակ պատճառաբանված չէր նրանցից մեկի գլուխը կնոջ ոտքերի արանքը մտցնելը կամ վերեւ նայելը: Եթե դա ընդամենը լսարանից ծիծաղ կորզելու միջոց էր, ապա պարզունակ հնարքի է դիմել ռեժիսորը: Իսկ ընդհանրապես, ամբողջության մեջ ներկայացումը հաջողված էր:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
30.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031