Լրահոս
Օրվա լրահոսը

Կկայանա ծանրամարտի աշխարհի առաջնությունը

Հոկտեմբեր 31,2014 13:00

Նոյեմբերի 8-ից 16-ը Ալմաթիի Բելուան Շոլակի անվան մարզամշակութային պալատում կայանալու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ աշխարհի ուժեղագույն ծանրորդները, մեդալներից բացի, պայքարելու են 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ վաստակելու համար:
Այս օրերին Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող սեմինարներում բազմաթիվ այլ հարցերի շրջանակներում հատուկ քննարկվել են նաեւ հակադոպինգային գործունեության եւ սպորտում այդ չարիքի դեմ պայքարի միջոցները: Սեմինարում, որին մասնակցել է նաեւ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանը, IWF-ի փորձագետները պատվիրակություններին տեղեկացրել են դոպինգ ստուգման նոր իրավական հետեւանքների մասին, որոնցով նախատեսվում է կրկնապատկել կարգազանց ծանրորդների պատժաժամկետը` 2-ից հասցնելով 4 տարվա:

«2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու հակադոպինգային նոր կոդեքսը: Դոպինգ օգտագործած մարզիկների նկատմամբ կիրառվող որակազրկման ժամկետը 2-ից դառնում է 4 տարի, եթե մարզիկը չի կարողանում ապացուցել, որ արգելված դեղամիջոցն օգտագործել է պատահաբար, առանց դիտավորության: Առաջին անգամ պատիժ է սահմանվել նաեւ այն բժիշկների եւ մարզիչների նկատմամբ, որոնք մարզիկներին դոպինգ օգտագործել են թույլատրել: Մենք հակված ենք մտածելու, որ այս եւ մյուս նորամուծությունները սպորտում դոպինգ օգտագործելու վրա համատեղ հսկողություն իրականացնելու հնարավորություն են ընձեռում», – նշել է IWF իրավական հարցերով խորհրդական, դոկտոր Մագդոլնա Տրոմբիտաշը:

Մասնագետներն արձանագրել են նաեւ, որ վերջին շրջանում դոպինգն ավելի շատ մրցումների ժամանակ օգտագործելու միտում է նկատվում: Մասնավորապես, ընթացիկ տարում որակազրկված 16 ծանրորդներից միայն 5-ի մոտ է արգելված խթանիչ հայտնաբերվել մրցումներից դուրս ընկած ժամանակահատվածում:

Աշխարհի առաջնությանը մասնակցելու պաշտոնական հայտ ներկայացրել են 75 երկրների 683 ծանրորդներ (279 կին եւ 404 տղամարդ):

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն արդեն մի քանի օր է՝ գտնվում են Ղազախստանում: Նրանք այնտեղ կլիմայափոխմանը զուգահեռ՝ համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում այլ երկրների ընտրանիների հետ: Ալմաթիում մեր հանրապետությունը ներկայացնելու են:
Աղջիկներ:
48 կգ` Էլեն Գրիգորյան
53 կգ` Աննա Գովելյան
58 կգ` Իզաբելլա Յայլյան
63 կգ` Քրիստինե Պետրոսյան
69 կգ` Մելինե Դալուզյան
+75 կգ` Հռիփսիմե Խուրշուդյան
Տղաներ:
56 կգ` Սմբատ Մարգարյան
69 կգ` Վանիկ Ավետիսյան
77 կգ` Արա Խաչատրյան
Հակոբ Մկրտչյան
85 կգ` Աղասի Աղասյան
105 կգ` Սիմոն Մարտիրոսյան
+105 կգ` Ռուբեն Ալեքսանյան
Հայկ Հակոբյան

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031