Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ լիքն է, պիտի դատարկվի, որ նորից լցվի»

Հոկտեմբեր 31,2014 12:30

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ճեմասրահում օրերս բացվեց Համազգային թատրոնի դերասան Սերգեյ Թովմասյանի երկրորդ անհատական ցուցահանդեսը:

Դերասանը «Առավոտին» պատմեց, որ իր ստեղծած փայտե արարածներից առաջինը հինգ տարի առաջ ԱՄՆ-ում է ծնվել՝ շնորհիվ մի հին պահարանի, որն այլեւս պետք չէր տիրոջը. «Երբ տեսա, որ պահարանն ուզում են դեն նետել, խնդրեցի այն ինձ տալ: Վերցրի, կտրտեցի, իրար միացրի, արդյունքում ստացա մի գործ, որն ինձ դուր եկավ: Ես տեսա, թե փայտն ինչքան լավ նյութ է՝ արտահայտելու համար այն, ինչ կա քո մեջ եւ ինչը դու ուզում ես ինչ-որ ձեւով արտահայտել: Մեկը, օրինակ, բանաստեղծություն է գրում, մյուսը՝ սցենար, երրորդն այդ ամենը պարի է վերածում, ես էլ փայտին մի ուրիշ կյանք եմ տալիս. ափսոս է, որ վառվում է կամ փտում անձրեւի տակ»:

Sergey_Tovmasyan-2

Թատրոնը մեր զրուցակիցը չի փոխի արվեստի մյուս տեսակների հետ, բայց ինքնարտահայտման համար միայն թատրոնը, նրա խոսքով, բավարար չէ. «Արվեստի մարդն ամբողջովին պիտի արվեստի մեջ լինի, այլապես ինչո՞ւ է նա կոչվում արվեստի մարդ: Թատրոնն իմ ամենասիրելի արվեստի տեսակն է, որով այսօր շատերն են զբաղվում: Ցավոք, զբաղվում են ուղղակի: Ես ստեղծագործող մարդ եմ, եւ իմ մեջ ասելիք շատ կա: Այդ ասելիքը պիտի ինչ-որ ձեւով դուրս գա: Առհասարակ, պիտի մարդու մեջ եղածն անպայման դուրս գա, որովհետեւ երբ մնում է, ճահճանում է, ու մարդն այլեւս չի կարողանում մտածել, գործել: Ներսումդ ինչ ունես, պիտի դուրս թափես, որ այն նորից լցվի: Երբ դատարկ չէ, չի լցվում: Երբ լիքն է, անպայման պիտի դատարկվի, որ նորից լցվի»:

Մեր զրուցակցի ստեղծած փայտե արարածներից մեկն էլ մի մուրացկան է, որի պարանոցից կախված ցուցանակի վրա գրված է. «Ես երկու դիպլոմ ունեմ»:
Պարոն Թովմասյանը մեզ պատմեց, թե ինչպես է առաջացել այսպիսի աշխատանք ստեղծելու գաղափարը. «90-ականների սկզբին «Երիտասարդական» մետրոյի գետնանցումում պրոֆեսիոնալ երաժիշտներ էին նվագում: Ես նրանց դեմքով գիտեի ու գիտեի նաեւ, որ կոնսերվատորիայում են սովորում: Նրանք նվագում էին գետնանցումում եւ իրենց հետ միշտ մի ցուցատախտակ ունեին, որի վրա գրված էր. «Կարող եք տալ, կարող եք վերցնել»: Անցնելիս մարդիկ գումար էին գցում, բայց երաժիշտները ոչ մի կոպեկ չէին վերցնում այդտեղից: Նրանք միայն նվագում էին, եւ ում որ պետք էր, վերցնում էր այդտեղից, իսկ երբ ամաչում ու չէին վերցնում, նրանք իրենք էին տալիս, փողոցում մուրող մարդկանց էին տալիս: Շատ դժվար տարիներ էին: Մենք ազատություն ուզեցինք, փոխարենը լրիվ ուրիշ բան ստացանք: Երեւի ադպես է, բոլոր հեղափոխություններն էլ դժվար են, եւ ժամանակ է պետք, մինչեւ երկիրն ուշքի գա… Ահա այս երաժիշտներն իմ մեջ ծնեցին այդպիսի մի աշխատանք ունենալու գաղափարը»:

Արվեստագետն ասում է, որ էսքիզներ շատ է անում, բայց փայտը ձեռքը վերցնելուց հետո հաճախ լրիվ ուրիշ բան է ստանում. «Այն կարող է բացարձակապես նման չլինել նրան, ինչ ուզեցել եմ անել: Հաճախ նույնիսկ չգիտեմ՝ ինչ եմ անում, ուղղակի կտրտում եմ, ներկում, կպցնում իրար ու ինչ-որ մի բան է ստացվում: Լինում են դեպքեր, որ հստակ որոշում եմ՝ սա եմ անելու ու անում եմ, հետո արդեն հանձնում եմ իմ ամենամեծ քննադատի՝ կնոջս (բեմադրիչ, դերասանուհի Նարինե Գրիգորյան – Ս. Հ.) դատին, ու այդտեղ սկսվում է կռիվը: Նա մի բան է ասում, ես հակառակվում եմ, ու այդպես: Երբեմն, իհարկե, համաձայնում եմ, բայց, ընդհանրապես, աշխատում եմ չփոփոխել արդեն ավարտված աշխատանքը, թեկուզ այն ինչ-որ բանով ինձ դուր չգա: Գործեր էլ կան, որոնք այնքան եմ հավանում, որ երբեմն սկսում եմ կասկածել՝ ե՞ս եմ արել, թե՞ չէ: «Իլիկ են մանում», «Աղբյուրի մոտ» կոչվող գործերն այդ շարքից են»:

Փայտե արարածների հեղինակն ասում է, որ իր աշխատանքներում փորձում է հնարավորինս շատ հումոր դնել, ինչպես ինքն է ասում, մարդը պիտի կարողանա ինքն իր վրա ծիծաղել: «Եթե դու չես կարողանում ինքդ քեզ վրա ծիծաղել, դառնում ես տխուր մարդ: Ես երբեք չեմ վախենում ինչ-որ բանում ծիծաղելի թվալուց,- ասում է նա,- մենք ամեն քայլափոխի որեւէ խնդրի ենք բախվում, ու դրանից ավելի մեծ խնդիր սարքելը նշանակում է գնալ դեպի սխալ ճանապարհ՝ դեպրեսիա, պիտի կարողանաս ուրախանալ: Ճիշտ է, ընկերներս ասում են, որ իմ աշխատանքներում դրամատիզմ էլ կա, բայց ես աշխատում եմ հիմնականում հումոր դնել դրանց մեջ: Կարծում եմ՝ հաջողվում է, որովհետեւ երբ առաջին շրջանի գործերը համեմատում եմ վերջինների հետ, զգում եմ, որ ֆորման փոխվել է. նոր գործերն ավելի դինամիկ, ավելի պլաստիկ են դարձել, եւ հումորն ավելացել է»:

Դերասանը մեզ հետ զրույցում հիշեց նաեւ իր առաջին անհատական ցուցահանդեսը (2012 թ., «Նարեկացի» արվեստի միություն), որի ժամանակ վաճառած փայտե արարածներին ոչ կարողանում է մոռանալ, ոչ էլ նորից կյանք տալ: «Առաջին ցուցահանդեսի ժամանակ, Օքսֆորդում դասավանդող մի անգլահայ գնեց իմ երեք ամենասիրելի գործերը՝ «Թռիչք քաղաքի վրայով», «Նիկոլո Պագանինի» եւ «Գործ 58. 10»: Վաճառելուց հետո, գումարը գրպանումս դուրս եմ գալիս ցուցահանդեսից, զանգ եմ տալիս կնոջս ու լացելով պատմում եմ, որ երեք գործերս գնել են: Դա այնքան ահավոր էր, կարծես երեխաներիս տարած լինեին… Հետո ինձ համոզում եմ, թե մի մեծ բան չի, փայտ է, էլի, նորից կսարքեմ: Բայց հետագայում որքան էլ փորձեցի կրկնել դրանք, չհաջողվեց, որովհետեւ առաջինը լրիվ ուրիշ էներգետիկա է ունենում, շատ ուրիշ է»,- պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր գործերը գրեթե միշտ են իրենից շատ հեռու տանում, այսինքն՝ դրանք հիմնականում դրսում են վաճառվում (ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան): «Հայաստանում, երեւի, երեք-չորս գործ եմ վաճառել. այստեղ ավելի շատ նվիրում եմ,- ասում է նա,- նկատել եմ, որ դրանք շատերին են դուր գալիս: Դա ինձ, անշուշտ, ոգեւորում է, որովհետեւ պահ է եղել, որ սարքել-կախել եմ պատից, հետո սկսել եմ մտածել, թե սա ո՞ւմ է պետք, ինչո՞ւ եմ ես սա անում: Հիմա արդեն գիտեմ, որ մարդիկ հետաքրքրված են այդ փայտյա փոքրիկ արարածներով, եւ ես շատ ուրախ եմ դրա համար»:

Պարոն Թովմասյանը մեզ հետ խոսեց նաեւ իր ամենանվիրական ցանկություններից մեկի մասին, այն է՝ Համազգային թատրոնի շենքի կառուցումը: «Այս մասին արդեն վաղուց է խոսվում, իսկ թե երբ խոսքը գործ կդառնա, ոչ ոք չգիտի,- մտահոգվում է Համազգային թատրոնի դերասանը,- շատերն ասում են՝ կխոսեն-կխոսեն, հետո կմոռանան ու կլռեն: Այո, գուցե շատերը մոռանան, բայց մենք վստահ ենք, որ շենքը կառուցվելու է: Ի վերջո, Սոս Սարգսյանի հիմնած թատրոնը, որը թատերային գունապնակի բոլոր վառ գույներն ունի, պիտի մի օր դուրս գա տնվորի կարգավիճակից»:

ՍԻՐԱՆՈՒՇ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031