«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն 6-րդ կինոփառատոնն ավարտվում է: «Մոսկվա» կինոթատրոնում այսօր ամփոփվեցին փառատոնի արդյունքները, որին հաջորդեց Արի Ֆոլմանի «Համաժողովը» ֆիլմի երևանյան պրեմիերան:
Մրցատյանը «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչել Ալե Աբրեուի «Տղան և աշխարհը» անիմացիոն ֆիլմը (Բրազիլիա):
Որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ առանձնացվել է Նասոս Վակալիսի «Ընթրիք մի քանիսի համար» անիմացիոն ֆիլմը (Հունաստան, ԱՄՆ):
«Լավագույն ավարտական ֆիլմ» անվանակարգում հաղթել է Ալեքսանդրա Հետմերովի «Աստվածների քաղաքը» (Չեխիա):
Կարդացեք նաև
Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմը Սերգեյ Մերինովի «Պլաստիլինե այբուբենն» է (Ռուսաստան):
Լավագույն երաժշտական հոլովակ է ընտրվել Ելենա Օրոզի «Ֆաքոֆբոլան: Մի՞շտ, թե՞ երբեք»-ը (Խորվաթիա):
Տեղեկացնենք, որ անիմացիոն կինոսերները հնարավորություն ունեն վաղը՝ հոկտեմբերի 31-ին, «Մոսկվա» կինոթատրոնում դիտելու մրցանակակիր ֆիլմերը:
«ՌեԱնիմանիայի» բացման նախօրեին, երբ մեր առաջին հյուրերն էին ժամանում, և երբ ինձ ցուցակներն էին տալիս, թե նրանք երբ են գալիս և երբ են գնում, ինձ առաջին հերթին հետաքրքրում էր, թե երբ են գնում (հուսով եմ՝ թարգմանիչներն ասածս չեն թարգմանի մեր հյուրերի համար), իսկ այսօր առավոտյան, երբ մտածում էի, որ մեր հյուրերի մեծ մասը երեկոյան արդեն մեկնելու է, ինձ համար մի տեսակ տխուր էր, որովհետև այս փառատոնը մի նոր ռիթմ, մի նոր ընթացք էր տվել մեր կյանքին, որից բաժանվելը մի քիչ դժվար է»,- ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը և մի քիչ առաջ անցնելով՝ հավելեց, որ շատ կցանկանար հաջորդ «ՌեԱնիմանիան» բացող ֆիլմը հայկական լիներ. «Ճիշտ է, անիմացիոն ֆիլմ նկարահանելը թանկ հաճույք է, բայց մեզ համար մեծ պատիվ կլիներ փառատոնի բացումը հայկական անիմացիոն ֆիլմով ազդարարելը: Չնայած, «Անահիտ»-ի նկարահանման աշխատանքները նկատի ունենալով՝ կարծում եմ, որ այդ օրը հեռու չէ»,- նշեց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ