Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը նվիրված «Ամեն ինչ այսպես է եղել» գրքի շնորհանդեսին ներկա ազատամարտի մասնակից Լեւոն Մելիք-Շահնազարյանը ասաց, որ շատ ազատամարտի իրական շատ մասնակիցներ պատերազմից հետո մնացին ստվերում, ոմանք էլ ՝ դուրս եկան ստվերից:
Արդեն մեր հետ զրույցում նա չցանկացավ անուններ նշել ու ստվերից դուրս եկածների մասին պատմել ավելին.
«Տղաներից ոչ ոք այն ժամանակ շքանշանների մասին չի մտածել, ընդհանրապես դրա մասին չէին մտածում՝ կպարգեւատրվեն, թե չեն պարգեւատրվի: Այսօր շատերը նույնիսկ ձեւակերպված էլ չեն որպես պատերազմի մասնակից, թեեւ մասնակցել են, ու հայտնվեցին ոչ պակաս թվով մարդիկ, որոնք չմասնակցելով հանդերձ, այսօր այնպես են ներկայանում ՝ կարծես թե բոլոր գործողություններին մասնակցել են, թե ովքեր ստվերից դուրս եկան, թող իրենց խղճին մնա, այսօր տոնական տրամադրություն ունեմ ու չեմ ուզում կռվել»:
Մեր հարցին ստվերից դուրս եկած կարելի՞ է համարել Սյունիքի մարզպետին ու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, պարոն Մելիք-Շահնազարյանն ասաց. «Սամվել Ալեքսանյանն ո՞վ է, իրեն չեմ ճանաչում, ո՞ւմ մասին եք հարցնում: Սուրիկ Խաչատրյանը ջոկատ է ունեցել, որը Գորիսի շրջանի սահմանին ամբողջ երկայնքով աշխատել է: Ես վկա եմ, որ այդ ջոկատն աշխատել է»:
Կարդացեք նաև
Ներքաղաքական հարցերին պարոն Մելիք-Շահնազարյանը կրկին հրաժարվեց պատասխանել, որ իր խոսքով տոնական տրամադրությունը չփչացնի, միայն ասաց, որ դեմ է հեղափոխությանը ու հեղափոխական կոչերին. «Եռյակ է, հնգյակ է, տասնյակ է թե քսանյակ է ինձ չի հետաքրքրում, համարում եմ, որ ցանկացած հարց կարող ենք լուծել Հայաստանում, մենք խելամիտ ժողովուրդ ենք: Իշխանափոխության անհրաժեշտություն էլ ընդհանրապես չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ