Այսօր «Հայաթ Պլեյս» հյուրանոցում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր քննարկում` Ամուլսարի թեմայով, որը սակայն հարուցել էր մի խումբ բնապահպանների դժգոհությունը, քանի որ քննարկմանը չէին թողնում մասնակցել տեսախցիկներով: Քննարկմանը ներկայացվում էր շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագիրը, որի հիմնական նպատակն է մշակել շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների պլան:
Փորձագետ Դշխուհի Սահակյանը խոսելով ծրագրի հիմնախնդիրների մասին ասաց, որ առանձնացվել են 3 հիմնախնդիրներ` որոնցից են մակերեւութային ջրերի, էկոհամակարգերի դեգրադացիայի եւ աղբի կառավարման խնդիրը:
«Հաջորդ քայլը հիմնախնդիրների վերլուծությունն է, այսինքն` պատճառահետեւանքային կապի բացահայտումը: Եթե մենք նշում ենք մակերեւութային ջրերի աղտոտում, պետք է ունենանք այն բոլոր պատճառները, որ հանդիսանում են հիմնախնդիրների առաջացման պատճառ»,-Aravot.am-ին ասաց Դշխուհի Սահակյանը:
Կարդացեք նաև
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի եւ կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը Aravot.am-ին ներկայացրեց այն վնասները ոսկու հանքի գործարկումից, որը սպասվում է տարածքի ձկնաբուծությանը. «Ինչպես ցանկացած հանքարդյունաբերությունը, սա եւս ունի բացասական ազդեցություններ, սակայն նախնական փորձաքննություն պետք է անել, որպեսզի հետագա փորձաքննությունների հետ համեմատել եւ հասկանալ ինչ չափով կվնասի եւ ինչ աստիճանով: Մինչ իրենց գործունեության սկսումը` արդեն իսկ մոնիթորինգ ենք արել եւ ներկայացրել արդյունքները, իսկ այժմ եկել է մի փուլ, որ պետք է միշտ կատարվի մոնիթորինգ անգամ հանքի շահագործումից հետո, որ հենց տեսնենք արդյունքները վատացել են դիմենք, որ կանգնեցնեն կամ շտկեն վնասները: Եթե աշխատեն այնպես ինչպես նախօրոք նախատեսված է, որը համապատասխանում է միջազգային նորմերին, ապա խնդիրներ չեն առաջանա: Հարցը մնում է միայն այն, որ նրանք կատարեն իրենց խոստումները, ոչ թե նախորդ հանքերի օրինակով գրեն եւ անեն մեկ այլ բան»:
«Ռադիացիոն խնդիրը, որը մեր չափումներից ցույց չէր տվել ավելացել է մեր հետազոտություններին եւ հիմա հաջորդ փուլն այդ ռիսկերի գնահատումը եւ նվազեցնումն է»,- ասաց Բնապահպանական ու սոցիալական հարցերով կառավարիչ Արմեն Ստեփանյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ