Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները

Հոկտեմբեր 30,2014 20:23

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մարգարիտ Եսայանի եւ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ հոկտեմբերի 30-ին քննարկվել է «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման հարցը:

IMG_8538

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ոլորտի ֆինանսավորման ծավալները, իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը` ոլորտի ձեռքբերումներն ու կարիքները:

Պավել Սաֆարյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերը գալիք տարի կազմելու են 249,6 մլն դրամ, որն այս տարվա ցուցանիշից ավելի է 26,4 միլիոն դրամի չափով: Ավելացել են ընթացիկ ծախսերը, որոնցից 29 մլն դրամ կազմում է աշխատավարձերի բարձրացումը:

Տաթեւիկ Խաչատրյանը նշել է, որ ՄԻՊ-ի աշխատակազմում գործում են 24 ժամ գործող թեժ գիծը եւ արագ արձագանքման խմբերը, որոնք նույնպես նախատեսվում է պահպանել 2015 թվականի պետական բյուջեի միջոցներով: 2015 թվականին նոր հաստիքներ չեն ավելացվելու: Նա նշել է, որ նախատեսված ֆինանսական միջոցները բավարար են ՄԻՊ գրասենյակի ծախսերը հոգալու համար: ՄԻՊ տեղակալը նաեւ հավելել է, որ անհրաժեշտ են համարում ՀՀ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»ՀՀ օրենքում իրականացնել փոփոխություններ, ինչը ըստ նրանց՝ կբարելավի ՄԻՊ աշխատակազմի աշխատանքը:

Այս տարի եւս ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրաժարվել է դրամաշնորհներից:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահում էին Նաիրա Զոհրաբյանը եւ Գագիկ Մինասյանը, քննարկվել են «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում ընդգրկված եվրոպական ինտեգրման հարցերին վերաբերող ֆինանսական հատկացումներն ու նախատեսված ծրագրերը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ոլորտի ֆինանսական հատկացումները: Նա նշել է, որ ԵՄ-ից ֆինանսական հատկացումներ են ստացվելու նպատակային եւ ուղղակի դրամաշնորհների ձեւով: Նպատակային դրամաշնորհները կազմում են 14 մլն 387 հազար եվրո գումար, իսկ ուղղակի դրամաշնորհները՝ 20 մլն եվրո: Նպատակային դրամաշնորհներ տրվելու են երեք ուղղություններով՝ Եվրոպական միության Հարեւանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշենե»«Բավրա»եւ «Գոգավան»անցման կետերի արդիականացման դրամաշնորհային ծրագրի գծով տրամադրվելու է 6 մլն 120 հազար եվրո գումար, ԵՄ աջակցությամբ իրականացվող նույն անցման կետերի արդիականացման դրամաշնորհային ծրագրով` 2 միլիոն դրամ, 2.8 մլն եվրո էլ հատկացվելու է ԵՄ աջակցությամբ իրականացվող ՀՀ փոքր համայնքների ջրային խնդիրների լուծման համար: Ուղղակի դրամաշնորհները եւս բաշխվելու են երեք ուղղություններով:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրել է ոլորտում 2015 թվականի համար նախատեսված ծրագրերը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն եղել եւ մնում է Հայաստանի կարեւոր գործընկերներից: Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով նաեւ ԵՏՄ-ում ստանձնած պարտավորությունները: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում են աշխատանքային քննարկումներ ԵՄ-ի հետ առաջիկա համագործակցության առեւտրատնտեսական բաղադրիչի շուրջ, որին կհաջորդեն նաեւ քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ԵՄ համագործակցության նոր ձեւաչափերի վերաբերյալ:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արտակ Զաքարյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվելիք ֆինանսական միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները:

2015 թվականի պետական բյուջեի նախագծով արտաքին քաղաքական գործունեության համար նախատեսված է 12 մլրդ 593 մլն դրամ: Պավել Սաֆարյանի խոսքով՝ այդ գումարն բաշխվելու է հետեւյալ ուղղություններով՝ ԱԳՆ ապարատի եւ դեսպանությունների ու ներկայացուցչությունների պահպանման ծրագրեր, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարներ, հրատարակչական, տեղեկատվական, տպագրական եւ ԱԳՆ աշխատակիցների վերապատրաստման ծառայություններ, աջակցություն հայ մշակույթի միջազգային կենտրոններին, դեսպանությունների շենքերի գնում, ԱԳՆ արարողակարգի ծառայության ծախսեր, դիվանագիտական դպրոցի վարչական սարքավորումների ձեռքբերում:

ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրել է արտաքին գերատեսչության ծրագրային գործունեությունը: Ըստ նրա ՝ արտաքին քաղաքականության ծրագրերը որպես կանոն տարեցտարի ավելանում են:

Ըստ Շավարշ Քոչարյանի՝ ծախսերի 90 տոկոսը դեսպանատներին են հատկացվում, քանի որ վարձատրությունը պետք է լինի տվյալ երկրի չափանիշներին համապատասխան:

Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ 2015 թվականին նախատեսված չէ նոր դեսպանատների բացում: Արտաքին գործերի նախարարի տեղակալի խոսքով՝ 2015-ին եւս Հայաստանի համար առաջնային են լինելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, արտաքին անվտագության ռազմավարության ամրապնդումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը:

Նրա տեղեկացմամբ՝ շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային եւ բարեկամական հարաբերությունների խորացումը, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորումը:

Արտաքին գործերի նախարարի տեղակալի խոսքով՝ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությամբ կողմնակից է շահերի համադրման, երկխոսության, այլ ոչ թե առճակատման քաղաքականության: Հայաստանի խնդիրներից է ԵՏՄԻ-ին զուգահեռ՝ շարունակել եւ խորացնել հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ:

 

ՀՀ Ազգային Ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031