ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Մուրադ Ջանիբեկյանը Հայաստան է վերադարձել «Գրան պրի» մրցանակով:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հոկտեմբերի 14-18-ը Մուրադ Ջանիբեկյանն ու դերասան Արա Գևորգյանը նախ մասնակցել են Լիտվայում կայացած «ASPINDIS» միջազգային թատերական 9-րդ փառատոնին, ապա՝ Լեհաստանի «Վրոստյա» 49-րդ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին: Եվ ահա Մ. Ջանիբեկյանին հաջողվել է «Խոստովանություն» մոնոներկայացմամբ Լեհաստանից Հայաստան բերել «Գրան պրի» մրցանակ:
«Իհարկե, դժվար է Լեհաստանի հետ ոտք մեկնելը: Մանավանդ որ լեզուն էլ անծանոթ է, կարծես խուլ ու համր լինես: Կրկնակի դժվար է դրսից քո երկրի համար որևէ լավ բան բերելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պարոն Ջանիբեկյանը:
ՀՀ վաստակավոր արտիստի համար կարևոր են մրցանակները. «Մի անգամ Վ. Փափազյանին հարցնում են, թե անընդհատ ասում են Փափազյան, Փափազյան, բա մենք ինչի՞ համար ենք: Փափազյանն էլ պատասխանում է. «Դուն անոր համար ես, մանչս, որ քեզի տեսնեն և իմանան՝ ես ով եմ»… Այնպես որ, կարևոր են մրցանակները, պետք են, որ տարբերություն լինի: Բացի այդ, արվեստագետը երեխայի նման է. նրան ոգևորություն է պետք, դրսի գնահատականը»,- համոզված է դերասանը:
Կարդացեք նաև
ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանն էլ նշեց, որ Մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում են բոլոր այն միջոցառումները, որոնք նպաստում են միջմշակութային երկխոսության ձևավորմանը:
«Լրագրողները հաճախ են հարցնում՝ արդյո՞ք հայ թատրոնը համահունչ է միջազգային թատրոնին: Այս մրցանակն ապացուցում է, որ ոչ միայն համահունչ է, այլև գնահատվում է նրանց կողմից»,- ասաց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հարգելի լրագրողուհի, ներկայացման վերնագրից առաջ գրում են, թե ով է պիեսի հեղինակը: Այդպես էլ չսովորեցիք էլի ինչը ոնց պետք է գրեք: