Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում են «Ա1+»-ի լրագրողի գործը կոծկել»

Հոկտեմբեր 30,2014 19:38
Mesrop Movsisyan

«Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանն այսօր հարցաքննվել է, սա լրագրողի 3-րդ հարցաքննությունն է:  Հիշեցնենք, որ քրեական գործ հարուցվեց այն բանից հետո, երբ  սեպտեմբերի 9-ին Ազգային Ժողովի դարպասների մոտ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ, պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը հարվածել էր լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ Ipad-ը:

«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն Aravot.am-ի հետ զրույցում այսօր տեղի ունեցած հարցաքննության եւ գործի ընթացքի վերաբերյալ ասաց` տպավորություն  ունի, որ ամեն ինչ արվում է հնարավորինս շուտ գործը կոծկել: Պարոն Մովսիսյանը նման տպավորություն է ստացել, որովհետեւ այն փաստարկումները, որ արվում է Կարեն Հայրապետյանի կողմից, արժանահավատ չեն: «Այն փաստարկումները, որ արվում է մեղավորի կողմից (նկատի ունի ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանին Ն. Բ.), իսկ ես նրան մեղավոր եմ համարում, այդ հանցագործությունը, որ արել է, աշխատում է լղոզել»,-ասաց հեռուստաընկերության տնօրենը:

Կարեն Հայրապետյանը, ինչպես պարոն Մովսիսյանն ասաց, իրողությունը փորձում է լղոզել` պատճառաբանելով, իբր թե ինքը նյարդայնացել է լրագրողի վարվելակերպից, իբր ինքն այդ օրը նյարդայնացած է եղել, եւ ընդհանրապես ինքը չի հարվածել, նույնիսկ ինքն ընդհանրապես կապ չունի այդ գործի հետ: Մինչդեռ, նկատենք, որ Կարեն Հայրապետյանի գործողությունները տեսաձայնագրված են:

Պարոն Մովսիսյանի խոսքերով` «Ես դա ծիծաղելի եմ համարում, որովհետև կա տեսաերիզ, որի վրա ակնհայտ պատկերված է իրավիճակը: Թե քննչական մարմինները ինչից ելնելով են այդ ուղղությամբ գնում, ցույց կտա նրանց վերջնական որոշումը»:

Լրագրող Մարինե Խաչատրյանի եւ ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջեւ առերեսում է տեղի ունեցել, այս առնչությամբ էլ հեռուստաընկերության տնօրենն ասաց. «Հայրապետյանն առանց ամաչելու սկսեց մեղադրել մեր լրագրողին, որն իր պարտականությունները կատարելու ժամանակ հարված է ստացել, որի պատճառով էլ  լրագրողի ձեռքից ընկել է Ipad-ը: Տեսաերիզում ֆիքսված է իրավիճակ, որտեղ պարզ երեւում է, որ նա գազանաբար հարձակվում է երիտասարդ աղջնակի վրա եւ հարվածում նրան: Սկզբնական շրջանում ասում էր`հարվածը եղել է մեկ անգամ, եւ  դա չի կարելի համարել ճնշում, ծեծ, դրա մեջ քրեական որեւէ տարր չեմ տեսնում եւ այլն: Ես սա  եւս ծիծաղելի եմ համարում»:

Aravot.am-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ բազմաթիվ անգամներ խոչընդոտվում են լրագրողների աշխատանքները, բայց նաեւ պաշտոնապես ասում են, որ մամուլն ու լրագրողն ազատ են, պարոն Մովսիսյանն ասաց. «Այս բարձիթողի վիճակը, այս անպատժելիության մթնոլորտը, որեւէ մեկը մինչեւ այսօր  որեւէ պատիժ, որեւէ տույժ չի կրել. սա էլ դրա հետեւանքն է, եւ նույնն ուզում են շարունակել: Հազար ու մի դեպք է եղել, այդ բոլոր դեպքերը ֆիքսել ենք: Եթե 5 չինովնիկ համարում են, որ մնացած բոլորը հիմար են, այս դեպքում` իրենք են հիմար դուրս գալիս, որովհետեւ բոլորը հասկանում են, ծիծաղում են եւ մեղադրում են այդ մարդկանց: Եթե իրենց թվում է, թե այս ամենը ինչ-որ քննչական մարմնի որոշմամբ` քննություն կոծկելով ինչ-որ բան կփոխվի ժողովրդի տրամադրության մեջ, սխալվում են: Մենք էլ չենք փոխվելու, շարունակելու ենք, պնդելու ենք, որ եղել է հարձակում, հարված եւ  եղել է լրագրողի աշխատանքի խոչընդոտում: Թող 8 հոգի  նորից կրկնեն, որ մեզ մոտ մամուլն ազատ է, եւ մեր լրագրողներն ազատ են աշխատում, եւ որեւէ ճնշում նրանց վրա երբեւիցե չի եղել, դա միայն կմնա ծիծաղելի հարթակում»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031