Ռիչարդ Գիրագոսյանի կարծիքով՝ իսկական մարտահրավերն Ուկրաինայի խորհրդարանական ընտրություները չեն, այլ նրան հաջորդող ժամանակահատվածը:
«Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը ավելի շատ Ուկրաինայի համար էր, քան Հայաստանի»,-այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը:
Նա Ուկրաինան համարում է մրցակցության տարածք, որը հավասարապես մարտահրավեր է թե՛ Արեւմուտքի եւ թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Ռիչարդ Գիրագոսյանը կարեւորում է Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքը նրա համար այդքան էլ անակնկալ չէ. «Մենք տեսնում ենք նոր Ռադա, որն այսօրվա Ուկրաինայում կառաջացնի նոր քաղաքական իրականություն: Այս ընտրությունների եւ նոր խորհրդարանի կարեւորությունն այն է, որ առկա են եվրոպամետ ուժեր: Մենք տեսնում ենք նաեւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների, որոնք արդեն դառել են օրենսդիրներ: Կարեւոր է նաեւ, որ այսպիսով ավարտվեց մեկ կուսակցության իշխանությունը, մենք տեսնում ենք կոալիցիոն կառավարության կազմավորում»:
Նրա խոսքերով՝ իսկական մարտահրավերն Ուկրաինայի խորհրդարանական ընտրություները չեն, այլ նրան հաջորդող ժամանակահատվածը: Պարոն Գիրագոսյանը համարում է, որ ինչքան էլ Ուկրաինայի իշխանությունը դեմ լինի Պուտինի վարած քաղաքականությանը եւ որդեգրի եվրոպամետ քաղաքականություն, դա բավական չէ, որ նա ժողովրդավար լինի. «Ուկրաինայի ապագան կախված է արեւմտյան ֆինանսական աջակցությունից: Հաջորդ տարին ավելի կրիտիկական կլինի՝ ռազմական ուժի հաստատական աճի առումով»:
Կարդացեք նաև
Ռիչարդ Գիրագոսյանը համարում է, որ Հայաստանը պետք է դասեր քաղի Ուկրաինայից եւ հասկանա Պուտինի հետ դաշնակցության սպառնալիքները, այն է՝ Հայաստանը զոհաբերելու է անկախությունը Եվրասիական միությանը, եւ նրա վրա ազդելու են Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները. «Հայաստանը պետք է նաեւ իմանա, որ Պուտինի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ վտանգավոր միտում ունի՝ Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման առումով»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ