Այսօր` Հայաթ Պլեյս հյուրանոցի մուտքի մոտ բնապահպանները եւ ոստիկանները «բախվեցին»: Բանն այն է, որ ոստիկանները չէին թույլատրում ակտիվիստների եւ լրագրողների մուտքը հյուրանոց, որտեղ տեղի էր ունենում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված քննարկումը` Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ, որի հիմքում ընկած է շրջակա միջավայրի վրա Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ազդեցության գնահատականը:
Բնապահպանները «Ոչ մի նոր հանք Հայաստանում» ծրագրով ներկայացնում էին Ամուլսարի գործարկման վնասները. «Հերթական աղետաբեր ծրագիրը ցանկանում են իրագործել Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրում, որտեղ կիրառվելու է խիստ թունավոր եւ վտանգավոր ցիանիդային տեխնոլոգիա» ,-ասաց ակտիվիստներից մեկը:
Քննարկման կազմակերպիչները ասացին, որ առանց տեսախցիկների կարելի է մասնակցել քննարկմանը, բայց առանց տեսախցիկների էլ բնապահպանները հրաժարվեցին ներս գնալ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ