Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները դժգոհում են «Հայջրմուղկոյուղուց», ընկերությունն էլ իր պարզաբանումն է ներկայացնում

Հոկտեմբեր 30,2014 18:52

«Գնացել էի կոմունալ վարձերը վճարելու, տեսա ջրի վարձը ավել են գրել այս ամիս: Սովորաբար 3000 դրամ էի վճարում, բայց այս ամիս 7000 դրամից ավելի էր կազմում գումարը: Ես էլ չվճարեցի ու չեմ պատրաստվում վճարել: Բանկում էլի կային բաժանորդներ, որոնք դժգոհում էին, եւ իրենք էլ էին հրաժարվում վճարել, ինչո՞ւ պետք է ավել վճարենք…»,- ասաց Կապանի Ռաֆայել Մինասյան փողոցի բնակիչ Գեւորգ Գասպարյանը եւ նշեց, որ բաժանորդներն իրար խորհուրդ էին տալիս չվճարել հավելյալ գրված գումարները:

«Հայջրմուղկոյուղու» Կապան տեղամասի կոմերցիոն ծառայության պետ Գոհար Գրիգորյանը պարզաբանեց, որ մարտ ամսից  ընկերությունն աշխատում է  այլ եղանակով, որին անծանոթ բնակիչների շրջանում ժամանակ առ ժամանակ դժգհություններ են լինում, սակայն բացատրելուց հետո խնդիրը հարթվում է: «Մեր  աշխատելու ձեւը փոխվել է, մեկ ամիս նկարում ենք ջրաչափը, եւ ջրաչափի տվյալներն ինքնըստինքյան մուտքագրվում են համացանց, իսկ մյուս  2 ամիսների համար միջին  հաշվարկ է արվում: Այսպիսով` տարվա ընթացքում 4 անգամ ենք բնակչի տուն մտնում եւ ավելորդ չենք անհանգստացնում: Փաստորեն միջինով է հաշվում երկու ամսվա ծախսը, երրորդ ամիսը նկարվում է եւ ըստ նկարածի արդեն պլուս-մինուս է արվում:  Եթե մենք միջինը շատ ենք ասել, այդ գումարը չի կորելու` այլ որպես կանխավճար է  մնալու:  Բաժանորդներն այդ 2 ամիսներին կարող են ջրաչափի ցուցմունքն ուղարկել 7171 համարին», – ասաց կոմերցիոն ծառայության պետը եւ հավելեց, որ անցած ամիս նկարել են Ռաֆայել Մինասյան փողոցի ջրաչափերը, ուստի դժգոհություններն այդ թաղամասից էին:

«Եղել են էլի դժգոհություններ, ամառվա ամսիներին ծախսերը շատ են  եղել, չի երեւացել, այդ ամիսներին կուտակված ծախսերը հիմա են արտահայտվում, ինչն էլ դժգոհության առիթ է տվել: Խնդիրն ընդհանրական է, քաղաքացի կա՝ ընդունում է  միջին հաշվարկը, համոզված է, որ նկարվելուց հետո կարգավորվում է հաշվարկը, բայց  մարդ կա՝ չի ընդունում, ասում է`  մեր տուն մարդ չի եկել, ջրաչափի թիվ չի գրել,  բայց մեր աշխատելու ձեւը սա է, նախկին ձեւին չենք վերադառնալու», – ավելացրեց  Գոհար Գրիգորյանը:

Իսկ բաժանորդները շարունակում են անդրդվելի մնալ եւ մտադիր չեն հավելյալ գումար վճարել: «Այ մարդ, ավել չենք ուզում մուծենք, մեզանից ավել գումար պոկելու ձեւ ա սա: Չենք վստահում ու վերջ»:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031