Հոկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Կանադա այցի շրջանակներում «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը» խորագրով դասախոսություն է կարդացել Օտտավայի Քարլտոն համալսարանում, որի ընթացքում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը, ինչպես նաև անդրադարձել անկախության տարիների ընթացքում ԼՂՀ ունեցած ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին:
Դասախոսությանը ներկա են գտնվել Քարլտոնի և Օտտավայի համալսարանների ուսանողներ և Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 29-ին Կարեն Միրզոյանը Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության և Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը։
Կարդացեք նաև
Նույն օրը Կարեն Միրզոյանը Կանադայում ՀՀ դեսպանատանը հանդիպել է Օտտավայի հայ համայնքի ղեկավարների և համայնքային կազմակերպությունների անդամների հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և պատասխանել ներկաների հարցերին։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն