Լրահոս
Օրվա լրահոսը

Սիփան Փաշինյան. «Հանուն ՀՀ-ի առաջին իսկ հնարավորության դեպքում փակելու եմ փողոցը»

Հոկտեմբեր 30,2014 18:27

«Անպայման բողոքարկելու ենք մեկ ամսվա ընթացքում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր ՀՀ վարչական դատարանում` իր դեմ ներկայացված հայցով վճռի հրապարակմանը, այսպես արտահայտվեց քաղաքացիական ակտիվիստ Սիփան Փաշինյանը:

Նշենք, որ Սիփան Փաշինյանի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժինը Ազատության հրապարակից սեպտեմբերի 3-ին մեկնարկած` ընդդեմ Մաքսային միության բողոքի ցույցի ընթացքում` «փողոցը փակելու» ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Ըստ Սիփան Փաշինյանի` «ամեն ինչ շատ պարզ էր»: Նա մանրամասնեց. «Չնչին հույս ունեի, որ կարող է և չբավարարվի ոստիկանության հայցը: Բայց դատարանը հերթական անգամ ապացուցեց, որը ինքը ուղղակի, մեղմ ասած, անկախ չէ»: Սիփան Փաշինյանն ասաց, որ դատարանի որոշման ձևաթուղթը վերնագրված էր «Հանուն Հայաստանի Հանրապետության»:

Այնուհետև հայտարարեց իր որոշման մասին. «Ես դատարանի որոշումից հետո իմ որոշումն եմ կայացրել. այն է` հանուն Հայաստանի Հանրապետության առաջին իսկ առիթի դեպքում ես փակելու եմ փողոցը` լինի դա Բաղրամյան 26-ում, թե Հանրապետության հրապարակում, որտեղ ուզում է լինի: Անելու եմ ավելին, քան արել եմ»:

Սիփան Փաշինյանը հիշեցրեց սեպտեմբերի 3-ի դեպքերն ու իր դեմ ներկայացված դատական հայցը. «Իմ գործը հասարակական կարգի խախտում էր որակավորված, քանի որ ըստ ոստիկանության, ես փողոց եմ փակել: Բայց փողոց փակվել է միայն ոստիկանության միջնորդությամբ, այսինքն` մեզ ոստիկաններն են հրել մայթից փողոց, որը ակնհայտորեն երևում է տեսագրություններում: Հիմա հայտարարում եմ, որ ցանկացած պահի, ցանկացած անօրինականության, Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ ցանկացած պայքարի առաջին իսկ հնարավորության դեպքում փակելու եմ փողոցը, անգամ առանց ոստիկանության միջնորդության: Այս որոշումը ես կայացրել եմ հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի»:

Հարցին` դատական նման որոշումներն ու գործընթացները չե՞ն ընկճում իրեն, Սիփան Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ավելին, նմանատիպ գործերը ստիպում են թողնել ամեն ինչ ու ավելի ակտիվ մասնակցել: Պատճառը նաև այն է, Սերժ Սարգսյանի իշխանությունները ամենօրյա ռեժիմով ապացուցում են, որ իրենք բեսպրեդել են այս երկրում ու ինչ, ոնց ուզեն, կարող են անել: Ես իմ անունից հայտարարում եմ, որ ես թույլ չեմ տալու դա և իմ հնարավորությունների սահմանում պայքարելու եմ, որ նմանատիպ բեսպրեդել չլինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031