Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են բուհի տարբեր ամբիոնների փաստաթղթային գործավարության ընթացքը ստուգող հանձնաժողովների եզրակացությունները: Ըստ այդմ, որոշվել է բուհի պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանին ազատել ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից, որը նա հասարակական հիմունքներով էր զբաղեցնում:
Կիրառական մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Վանիկ Զաքարյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց մեր ունեցած լուրը, եւ ասաց, որ պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանն իսկապես զբաղվածության պատճառով ազատվել է ամբիոնի վարիչի պաշտոնից: Հիշեցնենք, որ նա քեռին է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկի ) տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանի, ում բնակարանը օրերս խուզարկվել է բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անվան հետ առնչվող վիրտուալ սկանդալի գործի շրջանակներում: Աշոտ Խաչատրյանի փոխարեն ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արեգ Սահակյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ