«Հայաստանը շահագրգիռ է խորացնել ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները»- այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Ի դեպ, նախարար Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Հորդանանի թագավորությունում, եւ Շավարշ Քոչարյանը բացատրեց, որ դա է պատճառը, որ ինքն է այսօր լիազորված ներկայացնելու արտգործնախարարությանը հատկացվելիք գումարների ծախսերը:
Շավարշ Քոչարյանն ասաց, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը պետք է հստակեցնի այն շրջանակը, որտեղ մենք ազատ ենք գործելու, որպեսզի առեւտրատնտեսական հարաբերություններում մենք շարունակենք նոր ձեւաչափով աշխատել ԵՄ երկրների հետ:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ մենք ունե՞նք արդեն հարցերի այն շրջանակը, որոնք խոչընդոտում են ԵՏՄ-ից ԵՄ-ի ռեժիմի հետ համագործակցությանը, ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ չենք կարող խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Մենք ունե՞նք հստակ այն ոլորտները, որտեղ չենք կարող առավել խորացնել ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները, որը նախկինում կար:
Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դրա պատասխանը կարելի է ստանալ Աստանայում մայիսին կնքված պայմանագրով: Մեր պայմանագիրն ունի նաեւ անցումային դրույթներ, հիմա ամբողջ փաստաթղթային մասը կա, 1500 էջ է , գալիս է ԱԺ: Արդեն փորձագետները հնարավորություն ունեն ուսումնասիրել դա, որտեղ Հայաստանն իր պարտավորությունից ելնելով՝ հարաբերությունները չի կարող խորացնել: Կոնկրետ այս պահին, ես դրա մասնագետը չեմ, դրա մասին չեմ կարող խոսել»:
Կարդացեք նաև
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը հարցրեց. «Այսօրվա իրավիճակում ՀՀ-ն ԵՏՄ պայմանագիրը ստորագրելուց հետո ունի որոշակի կարգավիճակ եւ աշխատանք տանել ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության համար կարեւոր խնդիրներից մեկն է: Այս տարվա բյուջեի տեսանկյունից կա՞ն աշխատանքներ՝ պլանավորված այս ուղղությամբ՝ հատկապես ուղղված եվրոպական համատեղ ձեռնարկությունների, ներդրումների համար՝ ԵՄ-ն ի նպաստ Հայաստանի օգտագործելու համար»:
Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ Հայաստանը ըստ էության ձեռք է բերում հնարավորություններ՝ իր համար շահեկան վիճակում հայտնվելու ԵՄ-ի երկրների հետ հարաբերություններում: Ըստ նրա, պետք է Եվրասիական միության անդամ երկրների հետ համագործակցության արդյունքում ձեռնարկություններ ունենալ, արտադրանք տալ եւ պիտակավորված այն հանել եվրոպական շուկա. «Ելնելով շուկայի առանձնահատկություններից եւ տարբեր հանգամանքներից, թե ԵՏՄ անդամ պետությունների հետ ինչ տարբերակված մոտեցում կա, դա հաշվի ենք առնելու: Դա ԵՏՄ-ին մեր միանալու հնարավոր առավելություններից մեկն է, եթե դա իրացնենք:
Ըստ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի, ակնհայտ է, որ թեւավոր «եւ-եւ» մոդելը հարթում է իր ճանապարհը: Նա հարցրեց. «ԵՄ-ի հետ բանակցությունների համար, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ադապտացման համար մշտական աշխատանքային խումբ կա՞, աշխատանքներ սկսվե՞լ են, թե՞ ոչ, թե՞ դրանք ապագային ուղղված մտադրություններ են»:
Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ այսօր փորձագիտական խումբ է եղել ԱԺ-ում. «Դա քայլ է, երբ կողմերը միմյանց հետ քննարկում են, թե ինչ ուղղությամբ առաջ շարժվեն»:
«Եվ-եւ»-ի հետ կապված՝ նա ասաց, որ ընդհանուր առմամբ դա ՀՀ-ի քաղաքականությունն է. «Մենք դեմ ենք բաժանարար գծերին, դեմ ենք, որ լինի բեւեռացում: Իհարկե, մենք գտնվում ենք շատ բարդ իրավիճակում: Խոսքը երկու հզոր տնտեսական միավորների մասին է: Չի կարող չլինել փոխադարձ հետաքրքրություն՝ այդ երկու միավորների միջեւ շուկաների ձեւավորման համար»:
Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ՝ գործն առաջ գնալու համար պատասխանատուներ են պետք, արդեն կա՞ն այդ պատասխանատուները, որոնք ԵՄ Ասոցացման համաձայնագրի տնտեսական իրողությունները հաշվի առնող բանակցային գործընթաց են վարում:
Շավարշ Քոչարյանն ասաց. «Ես չէի ուզենա շատ առաջ գնալ, բայց այն ուղին, որն այսօր նշմարվում է, պարզ է, որ դա կլինի ոչ թե երկու տարբեր փաստաթղթեր, այլ կլինի մեկ փաստաթուղթ, որն իր մեջ ներառում է ամեն ինչ: Ճշմարիտյանը մեկնելու է Բրյուսել՝ հենց այդ բանակցությունների համար: Ներգրավված կողմեր կան, ամեն մեկն ունի իր գործընկերներին ու փորձը: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ նոր ձեւաչափ է պետք»:
Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ ԵՄ-ի աշխատանքային խումբը Երեւանում է, որը պիտի ամփոփ աշխատանքային փաթեթ ներկայացնի. «Իրենք այստեղ էին՝ 36 դիվանագետ, բաց քննարկում եղավ հանձնաժողովի մեր բաց նիստում: Իրենք ստացան այն մեսիջները, թե ինչ կարող է լինել ապագա փաստաթղթի հիմքում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ